Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը


Խորհրդարանական ընտրություններ, արխիվային լուսանկար

Խորհրդարանական ընտրություններ, արխիվային լուսանկար

Օգոստոսի 22-ից սկսվում է հանրապետության 370-ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ըստ գրանցված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տեղեկատվության, իշխող Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) ամենաակտիվն են այս ընտրություններում: Մոտ 400 թեկնածուներ հանրապետական են, հինգ տասնյակն էլ ներկայացնում են ԲՀԿ-ն:

Երեք տասնյակ համայնքներում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուները կմրցեն միմյանց հետ: Եվս երեք տասնյակում էլ մրցակցությունը հանրապետականների միջեւ է: Առաջադրված երեքից ավելի թեկնածուներից երկուսը հանրապետականներ են, մեկը` անկուսակցական, կամ երեքն էլ հանրապետական են, ինչպես օրինակ, Արարատի մարզի Գետազատ, Լոռու մարզի Քարաձոր, Շիրակի մարզի Երազգավորս, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Սյունիք, Տաշտուն համայնքներում:

Որքան էլ ակնկալվում էր, որ այստեղ միմյանց դեմ առաջադրված հանրապետականները մինչեւ գրանցման ժամկետի ավարտը ինքնաբացարկ կհայտարարեն, սակայն նրանք բոլորը գրանցվել են: Փորձեցինք Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից ճշտել, թե ինչով է այս իրավիճակը պայմանավորված:

«Ընդհանուր առմամբ ճիշտ եք նկատել, որ դաշտը ազատ է. անկախ կուսակցական պատկանելությունից, երբ լինի մրցակցություն, թող բոլորը մրցեն, այդ թվում` նաեւ երկու, երեք հանրապետականներ, եւ ժողովուրդը որոշի: Այսինքն կուսակցությունը կանխավ չորոշի», - ասաց Սահակյանը:

Հարցին, թե իսկ բացի Գյումրիից, այլ համայնքներում կամ քաղաքներում հնարավո՞ր է ՀՀԿ-ն սատարի այլ կուսակցությունների թեկնածուների, Սահակյանը պատասխանեց. - «Մենք այսպես ենք պատկերացնում. եթե չունենք մեր թեկնածուն, ապա այդ տարածքում, այդ համայնքում տարբեր կուսակցականներ, այսինքն այլ պաշտոնյաներ ազատ են իրենց գործողությունների մեջ, թե որ թեկնածուին կսատարեն»:

Ընդդիմադիր «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը, ինչպես հայտնի է, ամենապասիվն են այս ընտրություններում. համայնքների ղեկավարների թեկնածուներ գրեթե չունեն, միայն ավագանու թեկնածություններ են առաջադրել:

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեին հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում զորակցություն է հայտնում ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի մրցակից, Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Հովսեփ Սիմոնյանին: Իսկ Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է ընդդիմադիր Լեւոն Բարսեղյանի գլխավորած «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին:

Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Ժառանգություն»-ը այլ համայնքներում եւս ընդդիմադիր գործընկերների թեկնածուներին է սատարելու:

«Բնականաբար, բոլոր այն վայրերում, որտեղ «Ժառանգություն»-ը ներկայացուցիչ չի ունենա, մենք կաջակցենք ընդդիմադիր թեկնածուներին», - ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե քանի որ ԲՀԿ-ն հրաժարվել է դառնալ իշխանության մաս, հնարավո՞ր է «Ժառանգություն»-ը որոշ համայնքներում նաեւ ԲՀԿ-ի թեկնածուներին սատարի, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Չէ, հստակ կանոնակարգված է, թե ով է ընդդիմություն, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը դա հստակ սահմանում է, եւ ընդամենը երեք կուսակցություն են հայտարարել իրենց ընդդիմադիր լինելու մասին: Գումարած դրան, կարծեք թե, ԲՀԿ-ն այդպիսի մեծ խնդիրներ էլ չունի ոչ նախագահական նստավայրի հետ, ոչ Ազգային ժողովում, եւ վերջապես իրենք իրենց էլ ընդդիմադիր չեն համարում»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր Կոնգրեսին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցեց, որ ՏԻՄ ընտրություններում որեւէ քաղաքական ուժի թեկնածուների սատարելու որոշում Կոնգրեսը չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG