Մատչելիության հղումներ

Հայերը Վրաստանում կքվեարկեն եւ իշխանական, եւ ընդդիմադիր կուսակցությունների օգտին


Տեսարան Ախալքալակից, արխիվ
Տեսարան Ախալքալակից, արխիվ
Հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական ո՞ր ուժին կտան իրենց նախապատվությունը Վրաստանի հայերը:
«Բազմազգ Վրաստան» շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսում էր, որ այդ առումով Թբիլիսիի եւ Ջավախքի հայերի մոտեցումներն այս անգամ զգալիորեն տարբերվելու են միմյանցից:

«Մեծ է հավանականությունը, որ Թբիլիսիի հայերի 30 տոկոսը կքվեարկի [Սաակաշվիլիի] «Ազգային Շարժման», մնացած 70 տոկոսն էլ ընդդիմադիր կուսակցությունների, ի դեպ, ոչ միայն Իվանիշվիլիի օգտին: Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքին, ապա այստեղ մեծամասնությունը կքվեարկի «Ազգային Շարժման» օգտին», - նշում է Ստեփանյանը` հատուկ ընդգծելով, որ այն վիրահայերը, ում առավելապես սոցիալական խնդիրներն են հուզում, քվեները կտան ընդդիմադիր կուսակցություններին:

«Չի բացառվում, որ այն հայերը, ովքեր ավելի շատ ազգային խնդիրներով են հետաքրքրված, քվեարկեն իշխող կուսակցության օգտին, քանի որ նախընտրական արշավի ընթացքում նրանց հաստատ կհիշեցնեն, որ Իվանիշվիլիի թիմում մի շարք գործիչներ կան, ովքեր վերջին տարիներին աչքի են ընկել հակահայկական հայտարարություններով», - նշում է վիրահայ գործիչը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրատարածքներին, ապա ամենաթեժ ներհայկական պայքարը, ըստ ամենայնի, կծավալվի Ախալքալակում: Այստեղ միմյանց դեմ պայքարելու են ազգային խնդիրներով զբաղվող երբեմնի երկու ամենաակտիվ հայ գործիչները` ներկայիս ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, որին առաջադրել են Սաակաշվիլիի կողմնակիցները, եւ Իվանիշվիլիի «Վրացական Երազանք» շարժման թեկնածու Նորիկ Կարապետյանը:

«Կասկած չկա, որ ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը կհաղթի: Պատճառը, սակայն, նրա մեծ ժողովրդականությունը չէ: Հակառակը, նա որեւէ ժողովրդականություն Ախալքալաքում չի վայելում: Պարզապես վերջին տարիներին, ոստիկանապետ աշխատելով, Պետրոսյանը կարողացել է մաքրել դաշտը բոլոր ընդդիմադիր կամ քննադատաբար տրամադրված մարդկանցից: Ովքեր էլ կան, կամ բանտում են, կամ արտագաղթել են, կամ էլ վախեցած են», - նշում է Ստեփանյանը:

Նրա խոսքով` Ախալքալաքում Իվանիշվիլիի կողմնակիցները կկարողանան հաղթել միայն մի դեպքում, եթե նրանց հաջողվի հաղթահարել վախի մթնոլորտը, կամ էլ «եթե իրավիճակը փոխվի ողջ Վրաստանում»:

Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները Ծալկայի շրջանում եւս հայազգի թեկնածու են առաջադրել: Դա խորհրդարանի նախկին պատգամավոր Հայկ Մելտոնյանն է: Նինոծմինդան եւս հայազգի նախկին պատգամավոր կուղարկի Վրաստանի խորհրդարան:

«Պետք չէ մոռանալ, որ այստեղ բնակչության մոտ 98 տոկոսը հայեր են», - նշում է Ստեփանյանը:

Կուսակցական ցուցակներում հայեր եւս կլինեն: Ինչպես եւ նախորդ ընտրություններին, այս անգամ էլ իշխող «Ազգային Շարժման» անցողիկ տեղում մեկ հայազգի թեկնածու է լինելու:

«Բազմազգ Վրաստանի» ղեկավարը նաեւ տեղեկացնում է, որ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր մեկ հայ թեկնածու ընդգրկել կուսակցական ցուցակի առաջին քառասնյակում, ինչը սակայն հազիվ թե անցողիկ տեղ լինի` հաշվի առնելով «Վրացական երազանք» դաշինքի շանսերն առաջիկա ընտրություններին:

Ամենաշատ հայ թեկնածուներն էլ, ըստ ամենայնի, կլինեն Կախա Կուկավայի ղեկավարած «Ազատ Վրաստան» կուսակցության ցուցակում: Հայկական հարցերին, մասնավորաբար, ցեղասպանության խնդրին ակտիվորեն անդրադարձող քաղաքական այս ուժը, սակայն, սոցիոլոգիական բոլոր հետազոտությունների համաձայն, առաջիկա ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG