Մատչելիության հղումներ

«Հայ արտ սինեմա» հիմնադրամը կարող է սկսել աշխատանքը արդեն հոկտեմբերից


«Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որը հիմնադրվեց Կառավարության օգոստոսի 16-ի որոշմամբ, արդեն այս տարվա հոկտեմբերին կարող է սկսել իր աշխատանքը։

Հիշեցնենք, հիմնադրամը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պարադիզ» ՍՊԸ-ի, կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ-ի, «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացի, մեր հայրենակից հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանի ու հայ ռեժիսորների համատեղ ջանքերով:

«Հայկական կինոյին պետք է նոր շունչ տալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասած «Ոսկե ծիրան» ՀԿ-ի նախագահ Հարություն Խաչատրյանը, - «Երբ Հայաստանի Հանրապետության նախագահը ընդունեց «Ոսկե ծիրան»-ի հյուրերին, որոնց մեջ էր նաեւ Ռոման Բալայանը, Ռոման Բալայանը ներկայացրեց իր ծրագիրը, որը հավանության արժանացավ նախագահի մոտ։ Այսօր, եթե բոլորը միասին բացեն մի ֆոնդ, որը ֆինանսավորի հայկական նոր կինոն։ Արդեն մեծերի մասին ամեն ինչ գիտենք՝ ճանաչված լինելով եւ ունենալով, կարող են ֆինանսավորում գտնել իրենց ֆիլմերի համար։ Երիտասարդները լրիվ անպաշտպան են։ Պետք է նաեւ երիտասարդներին սովորեցնել՝ կանչելով լավագույն վարպետներին։ Կարծում եմ, որ կինոյի գործերը պետք է լավանան»։

Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն այս տարվա հոկտեմբերին հիմնադրամը կսկսի իր աշխատանքը․ Հայաստան կժամանի Ռոման Բալայանը եւ հարցազրույցների միջոցով կհավաքի կինո ստեղծելու գաղափարով ապրող երիտասարդների առաջին խումբը, նրանց սովորեցնելու համար կհրավիրվեն բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր կետերից, կապահովվի տեխնիկական բարձր որակ, իսկ ապագայում հիմնադրամը այս երիտասարդներին նաեւ կօգնի ներկայացնել ֆիլմերը միջազգային փառատոններին, մրցույթներին:

«Հայ արտ սինեմա» հիմնադրամի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ունի Մշակույթի նախարարությունը: Փոխնախարար Արթուր Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնադրամը ոչ միայն կրթական ուղղվածություն ունի, այլեւ կինոարտադրանք ստեղծելու հնարավորություններ։ Հիմնադրամը նաեւ նպատակ ունի «հանրահռչակել հայկական կինոարվեստը»։

«Հիմնադրամը, ներուժային բազայի վրա հենվելով, պետք է մտածի եւ ստեղծի այնպիսի համատեղ պրոյեկտներ, որոնք հետաքրքիր լինեն, ասենք, այլ երկրների համար», - հավելեց փոխնախարարը։

Նշենք, որ Կառավարությունը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել է Հովհաննես Ավագյանի թեկնածությունը։ Սակայն վերջինս դեռևս պետք է հաստատվի հիմնադիրների կողմից:

please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG