Մատչելիության հղումներ

logo-print

Մեր տեղեկություններով, անցած տարվանից անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել նախագահ Սերժ Սարգսյանին։

Հիշեցնենք, այս տարվա մայիսին Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու համար։

Այն, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ներման խնդրագիր է գրել, մեզ հետ զրույցում չբացառեց նաեւ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը՝ նշելով, որ դրա իրավունքը Օհանյանը ուներ։

«Ես չեմ բացառում, որ միգուցե ներման խնդրագիր է գրել, քանի որ դա նրա իրավունքն է եւ կարող էր գրել։ Ուղղակի ես որոշ ժամանակ բացակայել եմ եւ չեմ հանդիպել Մարգար Օհանյանին, ուստի տեղեկություն չունեմ դրա վերաբերյալ՝ գրել է, թե ոչ։ Բայց չեմ բացառում։ Հնարավոր է, որ գրած լինի», - նշեց փաստաբանը։

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք նախագահին ներման խնդրագիր գրելը նշանակում է, որ Մարգար Օհանյանը ընդունում է իր մեղքը, որ Ճանապարհային ոստիկանության պետ աշխատելու տարիներին խոշոր չափի բենզին է յուրացրել, փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, որ արդեն իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը չբողոքարկելը ցույց է տալիս, որ մարդն իր մեղքը ընդունում է։

«Բացի դա, ասեմ, որ Մարգար Օհանյանը իր վերջին խոսքում եւ իր ցուցմունքներում ամեն ինչ դատարանում հայտարարեց եւ ասաց։ Ասաց, որ նա պետական մտածողություն ունեցող անձնավորություն է եւ մեղքը ընդունում է պետության առջեւ եւ վնասը, այդ իսկ պատճառով, վերականգնում է», - հավելեց փաստաբանը։

Նշենք, սակայն, որ ողջ դատավարության ընթացքում Մարգար Օհանյանը չէր ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը։ Նա նշում էր, որ որեւէ առնչություն չունի բենզինի յուրացման գործի հետ։ Ավելին՝ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը պնդում էր, որ իր դեմ հաշվեհարդար է իրականացվում, իսկ քրեական գործը սարքվել է Ոստիկանությունում, այն էլ՝ այն ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Հարցին, թե ինչո՞ւ է դատավարության ընթացքում իր անմեղությունն ապացուցել ցանկացող նախկին պաշտոնյան ընդունում իրեն վերագրված մեղքը, Մկրտիչ Վասակյանը պատասխանեց, թե դատարանում հնչեցված իր վերջին խոսքում Մարգար Օհանյանն ամեն ինչ ասել է եւ ինքը ավելացնելու բան չունի։

Պատասխանելով մեր այն հարցին, թե որքանով է հավանական, որ երկրի նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբան Մկրտիչ Վասակյանն ասաց, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։ Նա 30 տարի ծառայել է Ոստիկանության համակարգում, եղել է ոստիկանության գնդապետ։ Եվ հետո՝ նա բարեկամների օգնությամբ ամբողջությամբ վերականգնել է խոշոր չափի յուրացման հետեւանքով պետությանը պատճառված վնասը, որն, ի դեպ, կազմում էր մոտ կես միլիոն դոլար։

«Դա զուտ հանձնաժողովի որոշելու հարցն է, բայց իմ անձնական կարծիքով, կան հիմքեր, որպեսզի Մարգար Օհանյանի ներման խնդրագիրը, եթե գրել է ներման խնդրագիրը, բավարարվի, քանի որ նա նախկինում դատապարտված չի եղել, ոստիկանության գնդապետ, դրական բնությագրով մարդ եւ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնել է։ Բայց, ամեն դեպքում, ներման հանձնաժողովը ինքն է որոշում, իր կայացնելիք որոշումն է։ Կբավարարի, թե չի բավարարի՝ չեմ կարող ասել», - նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Մարգար Օհանյանը անազատության մեջ է գտնվում անցած տարվա օգոստոսից։ Նա հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, որից հետո էլ կալանավորվել էր՝ իր իսկ պնդմամբ՝ մեկ հեռախոսազանգից հետո։


XS
SM
MD
LG