Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի Վրաստանի էքստրեմալ սպորտաձեւերի մրցույթ-փառատոնին


Երեքուկես տարի արտաճանապարհային ավտոմրցաշարով զբաղվող 25-ամյա Գարրի Գասպարյանի «Միցուբիշի Պաջերո 3» մակնիշի ավտոմեքենան չնայած իր որոշակի անսարքությանը, պատրաստվում է մասնակցել Վրաստանում անցկացվող էքստրեմալ սպորտաձեւերի փառատոնին: Օգոստոսի 23-ին Ախալցխան Բաթումումին միացնող Քեդա կոչվող կարճ ճանապարհին կմեկնարկի փառատոնը, ըստ այդմ Գարրին, որքան հնարավոր է արագ, փորձում է լուծել մեքենայի անսարքության բոլոր խնդիրները եւ համոզված է, որ առանց հաղթանակի չի վերադառնա: Նա ունի մշտական աշխատանք` զբաղվում է մեքենաների առք ու վաճառքով, այլապես, ինչպես ինքն է ասում, չէր կարողանա հոգալ իր մեքենայի ծախսերը:

«Ավելի լավ է ես որոշ հաճույքներից զրկվեմ, բայց իմ մեքենան միշտ պատրաստ լինի», - ասում է նա:

«Առաջիկա մրցույթ-փառատոնին մեկ մեքենան մոտավոր հաշվարկով կծախսի 1000 ԱՄՆ դոլլար», - ասում է «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, ով ուղեկցելու է հայ ներկայացուցիչներին Վրաստան եւ հենց ինքն էլ անձամբ ֆեդերացիային կից գործող 4x4 ակումբի անունից մասնակցելու է մրցույթին:

Հայ մասնակիցները մրցույթ-փառատոնին մասնակցելու հրավեր են ստացել Նիկա Չիկովանիի կողմից` Վրաստանի էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայից` «Գեոէքստրիմ»-ից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Սոսելիան ասաց, որ փառատոնին կմասնակցեն մոտ 400 մոտոցիկլետ եւ 100 ավտոմեքենա:

«Առաջին հերթին մեզ մոտ գալիս են մասնակցելու եւ նայելու: Սակայն, իհարկե, ավելի լավ է մասնակցել, քան պարզապես նայել», - նշեց նա:

Մասնակիցներ կան Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, հյուրեր են լինելու նաեւ Ռուստաստանից, Ավստրիայից:

Բաթումում անցկացվող Էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային մրցույթ փառատոնին այս տարի Հայաստանից մեկնելու է 10 ավտոմեքենա:

Անցած տարի Հայաստանը եւս մասնակցել է ու նույնիսկ հաղթանակ է ունեցել:

Փառատոնի յուրահատկություններից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները իրենց մասնակցության ընթացքում վրաններում են ապրելու: Մոտ 800 տեղանոց վրանային փոքրիկ քաղաքում մասնակիցները մրցույթից ազատ ժամերին խարույկ կվառեն, երգեր կկատարեն ու պարզապես երեկոյան ուրախ ժամանց կանցկացնեն:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG