Մատչելիության հղումներ

Հալեպի հայկական թաղամասերն անցել են ապստամբների վերահսկողության տակ


Ապստամբները կանգնել են նախագահ Բաշար ալ-Ասադի լուսանկարի վրա, Հալեպ, 20 օգոստոսի, 2012

Ապստամբները կանգնել են նախագահ Բաշար ալ-Ասադի լուսանկարի վրա, Հալեպ, 20 օգոստոսի, 2012

Հալեպի հայաբնակ թաղամասերը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին սիրիական զարգացումներին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները, անցել են ապստամբների վերահսկողության տակ:

Այլ մանրամասներ այս պահին մեր աղբյուրները չեն հաղորդում:

Վերջին օրերին սիրիահայերն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էին, որ կառավարության ու ապստամբների զորքերի միջեւ մարտերը մոտեցել են իրենց թաղամասերին, որոշ տեղերում նաեւ մուտք են գործել հայկական թաղամասեր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատեցին նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը:

«Նորից հասավ մեր մոտ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մի տղամարդ` հավելելով, որ իրավիճակը «շատ վտանգավոր է» եւ վերջին օրերի ընթացքում «մահեր էլ եղան»:

Հարցին, թե հատկապես ինչ առումով է վատ իրավիճակը, նա արձագանքեց. - «Ամեն ինչ վատ է»:

Նրա խոսքով, կառավարությանը հավատարիմ զորքը Հալեպի հայաշատ թաղամասերում պաշտպանում է հայերին:

Ավելի վաղ Երեւան եկած սիրիահայերի տեղեկությունները տարբեր են: Րաֆֆի Թաշչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, ապստամբների ձեռքն է անցել հայաբնակ թաղամասերի հարեւանությամբ գտնվող երկու թաղամաս, որոնք բնակեցված են հիմնականում արաբ քրիստոնյաներով ու փոքր թիվ կազմող հայերով: Սակայն այդ թաղամասերում են գտնվում հայկական մշակութային կենտրոնները:

Թաշչյանի խոսքով, հայկական թաղամասերը վերահսկում են կառավարական զորքերը, իսկ ապստամբները հասել են այն թաղամասերը, որտեղ գտնվում են «Ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե առաջնորդարանը, ազգային որբանոցը, հայ վարժարանը»:

Հայաստան եկած սիրիահայերը վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պատմում էին, որ Հալեպի հայկական թաղամասերն ու եկեղեցիները պաշտպանում են հայերը, որոնք հիմնականում զինված են եւ որոնց աջակցում է Սիրիայի կառավարությունը:

Հայաստանի կառավարությունն այս ամսվա սկզբին հայտարարում էր, որ Հալեպում թեժացած մարտերն ուղղված չեն հայերի դեմ, հետեւաբար հալեպահայերին երկրից դուրս բերելու անհրաժեշտություն չկա` նշելով, որ այդ մասին կմտածեն այն դեպքում, երբ հայերին վտանգ սպառնա:

Հայաստանի կառավարությունն ու Հալեպի հայկական համայնքնի ներկայացուցիչները առայժմ չեն խոսում հալեպահայերի տարհանման մասին:

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների, Սիրիայում արդեն զոհվել է 10 հայ, որոնցից 2-ը` վերջին օրերին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG