Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը Գյումրիում կպաշտպանի ՀՅԴ-ի թեկնածուին


«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: Այս մասին տեղեկացնում է կուսակցության լրատվական ծառայությունը:

«Ժառանգություն»-ը ավագանու անդամի թեկնածուներ է առաջադրել Սիսիանում, Կապանում, Վերին Արտաշատում, Մասիսում, Մեծամորում, Նորապատում: Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը:

Կուսակցությունը որոշել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունում պաշտպանել Հայ հեղափոխական դաշնակցության կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը:

«Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին: Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների», - փոխանցում է կուսակցության լրատվական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG