Մատչելիության հղումներ

logo-print

«Բրիտանական ավիաուղիներ»-ը դադարեցնում է չվերթները Երեւան


«Բրիտանական ավիաուղիներ»-ը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, ընկերության լոնդոնյան գրասենյակից փոխանցեցին, որ ավիաընկերությունը որոշել է 2012-ի թվականի հոկտեմբերից դադարեցնել իր ծառայությունները դեպի Երեւան` ցածր եկամտաբերության պատճառով:

Վերջին մի քանի տարի ընթացքում «Բրիտանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները Հայաստան չեն եկել, փոխարենը դեպի Երեւան էին թռչում բրիտանական մեկ այլ` BMI ընկերության ինքնաթիռները: Վերջերս BMI-ը վաճառվեց «Բրիտանական ավիաուղիներին», որն էլ որոշեց, որ դեպի Երեւան չվերթերը եկամտաբեր չեն:

«Ամիստադ տուր» ընկերության տնօրեն Շուշաննա Ադամյանի կարծիքով, որոշման պատճառ կարող են լինել նաեւ օդանավակայանում գործող բարձր վարձավճարները, մինչդեռ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ օդանավակայանի վարձավճարները չեն կարող նման որոշման պատճառ լինել: Նա ասաց, որ ընկերության հետ բանակցության ժամանակ նման հարց չի բարձրացվել:

Տարածաշրջանում «Բրիտանական ավիաուղիները» իր ծառայությունները դադարեցնում է միայն Հայաստանում: Փոխարենը դեպի Թբիլիսի եւ Բաքու չվերթները շարունակվելու են:

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանի խոսքով, այս որոշման պատճառը մեր երկիրը չէ:

«Մենք ամեն կերպ փորձեցինք ընկերությանը պահել շուկայում, մինչդեռ պատճառը ավիաընկերության համար դեպի Երեւան չվերթների ոչ եկամտաբերությունն էր», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG