Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ պաշտոնապես չի արձագանքում Մասիսի միջադեպին: Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ. ինչպես մեզ փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, Ծառուկյանը կվերադառնա առաջիկա օրերին: Մինչ այդ, կուսակցությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնում կատարվածի առիթով:

Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին, ով անցած շաբաթ ձերբակալվել էր իր տան շրջակայքում հնչած կրակոցների առնչությամբ, շաբաթ օրը կալանավորվել է:

Դատարանը բավարարել է 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանավորումն ընտրելու` մեղադրող կողմի միջնորդությունը: Նույն գործով ձերբակալված երկրորդ անձի` 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանի խափանման միջոցը եւս ընտրվել է կալանավորումը: Նրանց զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, որի համար նախատեսված պատիժը 4-7 տարվա ազատազրկումն է:

Ոստիկանության պաշտոնական վարկածով, հիշեցնենք, միջադեպի պատճառը Դալլաքյանի տան դիմաց կայանված ավտոմեքենայի անիվը դիտավորությամբ ծակելն է եղել, որից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող որսորդական հրացանից Համբարձում Հովհաննիսյանի ուղղությամբ արձակել է 2 կրակոց, Հովհաննիսյանը փախել է, հետո կես ժամ անց վերադարձել, «Մակարով» տիպի պնեւմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն: Մինչդեռ Դալլաքյանի հարազատները, որպես ապացույց վկայակոչելով տան դարպասներին եւ պատերին առկա կրակոցների հետքերը, ի սկզբանե պնդում են, որ տան վրա այդ օրը «հարձակում է» եղել, որին մասնակցել են տասնյակ զինված անձինք, եւ որոնք հիմա ազատության մեջ են: Իսկ իրենց որդին, ով որսորդական հրացանով օդ է կրակել ընտանիքին պաշտպանելու համար՝ հայտնվել է բանտում:
Մասիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Դալլաքյանը չէր բացառել նաեւ, որ միջադեպն ու որդու քրեական հետապնդումը կարող էր քաղաքական դրդապատճառներ եւ ընտրություններից առաջ մրցակցի՝ հանրապետականի կողմից իրեն վարկաբեկելու միտում ունենալ: Որդու կալանավորումից հետո այսօր Դալլաքյանը չցանկացավ որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեզ հետ զրույցում նշելով, որ իրենք հետեւում են իրադարձությունների զարգացմանը. առայժմ միայն հետեւյալը փոխանցեց. - «Որեւէ քաղաքական նկատառում, կուսակցական պատկանելություն՝ հանցագործություն ուսումնասիրելիս, գործը քննելիս, չպետք է հանդիսանա որպես հանգամանք: Ավել բան չէի ուզենա այս պահին ասել»:

Մասիսում առաջադրված են քաղաքապետի 4 թեկնածուներ, որոնցից մեկը հանրապետական է, իսկ 3-ը ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հանրապետականն առաջադրել է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի թեկնածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջադրված են Ավետիք Դալլաքյանը, Մասիսի գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանը եւ փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը:

ԲՀԿ-ն հավաստիացնում է, որ իրենց երեք թեկնածուներից երկուսը պետք է ինքնաբացարկ հայտարարեն եւ մնա մեկը. թե կոնկրետ ո՞վ կլինի ԲՀԿ-ի պաշտոնական թեկնածուն՝ կորոշի Գագիկ Ծառուկյանը առաջիկա օրերին Հայաստան վերադառնալուց հետո:

Տիգրան Ուրիխանյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն հակված է սատարել Ավետիք Դալլաքյանին, ինչն էլ առիթ է դարձել քաղաքում նման խմորումների:

Մասիսի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Դմիտրի Նազարյանից էլ փորձեցինք ճշտել, թե ինչու է նույն կուսակցությունից երեք հոգի առաջադրվել: ԲՀԿ-ականները, բացի Հանրապետականից, նաեւ միմյա՞նց հետ են մրցում։

«Նախորդ՝ 2008 թվականի ընտրություններում նորից նման իրավիճակ էր ստեղծվել. կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սոցիոլոգիական հարցում անցկացրեց մեր մեջ եւ հարցումով որոշեց, թե ով պետք է մնա, մյուսները հանեցին թեկնածությունը: Հիմա նույն իրավիճակն է, ելքը գտնելն իրենից է կախված, ինքը կորոշի: Ես Ծառուկյանի ասածը 100 տոկոսով կանեմ: Եթե ինքը չկանգնի իմ թեկնածության վրա, ես իմ թեկնածությունը կհանեմ»,- ասաց Նազարյանը:

Մասիսի գործող քաղաքապետը հրաժարվեց կարծիք հայտնել Ավետիք Դալլաքյանի որդու հետ կապված միջադեպի առնչությամբ, միայն փոխանցելով, որ միջադեպը «քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա»:

Մասիսում ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 9-ին:

XS
SM
MD
LG