Մատչելիության հղումներ

logo-print

Ռոբերթ Էնթոնի Փլանթը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 20-ին Անգլիայի Ուեստ-Բրոմիջ քաղաքում: Սկզբնական շրջանում աշխարհին ճանաչելի է դարձել որպես բրիտանական «Լեդ Զեփփելին» խմբի մենակատար:

17-ամյա բլոգեր Սյունե Սեւադան այսօր օրը սկսել է Ռոբերտ Փլանթով: Հանրահայտ Փլանթի 64-ամյակի կապակցությամբ որոշել է ծայրից ծայր մեկ անգամ եւս լսել սիրած երգչի բոլոր ձայնասկավառակները: Իսկ գիշերը` 24:00-ին նույնիսկ առանձին գրառում է նվիրել երգչին իր բլոգում:

Սյունե Սեւադան Լե«դ Զեփփելին» լսում է փոքր տարիքից: Այդ ժամանակից մինչ այսօր առանց ընդմիջման «Զեփփը» նրա կյանքի մի մասնիկն է:

Իր բլոգում` տոնական գրառման մեջ, Սյունեն մեջբերում է. - «Ես ինձ համարելով սխալ դարում ծնված ու հոգով-սրտով 60-80-ականներից փախած անձնավորություն՝ 60-ականների շունչն ամենուր ինձ հետ տանում-բերում եմ: Փլանթի նման գլխիս վրա գզում եմ մազերս, հագնում եմ ինձնից մի քանի անգամ մեծ տղամարդու վերնաշապիկներ, սրանց միացնում եմ ճղճղված ջինսեր, մաշված կեդեր, կաշվե աքսեսուարներ եւ վերջ. ես պատրաստ եմ»:

Փլանթի առաջին կատարումը ստուրբրիջյան Seven Stars Blues ակումբում է եղել: Փլանթը իր կարիերայի ընթացքում հասցրել է 12 ձայնասկավառակ թողարկել: Առաջին ձայնասկավառակը` «Pictures at Eleven»-ը, թողարկվել է 1982 թվականին: իսկ 2010-ին լույս է տեսել նրա 12-րդ ձայնասկավառակը` «Band of Joy»-ը` նույնանուն խմբի կատարմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայկական «Դոգմա» ռոք խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը նշեց, որ «Լեդ Զեփփելինը» մեծ ազդեցություն ունեցավ իր հետագա գործունեության ու ապրելակերպի վրա:

Վարդանի խոսքով` հին դասական ռոք խմբերը ստեղծել են լրիվ նոր, տարբերվող երաժշտություն, տեխնիկական նոր միջոցներ, որոնք այժմ բոլոր ռոքերների հիմնական երաժշտական պարագաներն են:

«Չի կարելի չհարգել ու չմեծարել այդ երաժիշտներին», - ասում է նա:

Վարդանը հավելեց նաեւ, որ հայ ռոք խմբերը ընդօրինակելու շատ բան ունեն այդ խմբերից: Եվ ընդհանրապես, ռոք ասելով Հայաստանում հասկանում են` սատանա, բողոք, միտինգ: «Իսկ «старый, добрый рок-н-ролл (հին ու բարի ռոք-ն-ռոլլ) ընդհանրապես չկա ու չի եղել Հայաստանում», - հավելեց Վարդանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG