Մատչելիության հղումներ

Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձի առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34, 110 հոդվածի առաջին մասի՝ ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ 16-ամյա Դիանա Սիրունյանը հարազատների բնակարանի 5-րդ հարկից իրեն ցած էր նետել հոր՝ Սուրեն Սիրունյանի մահից հետո։

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը անցած շաբաթ օրը մահացել էր, հարազատների փոխանցմամբ՝ սրտի կաթվածից։

Սիրունյանի դուստրը՝ 16-ամյա Դիանան, չդիմանալով հոր կորստին, իրեն ցած էր նետել պատուհանից։ Այս մասին մեզ հետ զրույցում պատմեց աղջկա պապիկը։

Այժմ բժիշկները պայքարում են Դիանայի կյանքի համար։ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխանցեց, որ աղջկան իրենց մոտ տեղափոխել են ծայրահեղ ծանր վիճակում եւ այժմ բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։

«Վնասված է գլխուղեղը, թոքերը, ազդրն է կոտրված, ձեռքն է կոտրված։ Այսինքն՝ պոլիտրավմա է այստեղ։ Վիրահատական միջամտության կարիք չի եղել։ Բուժումը ստանում է լիարժեք։ Արյան հարցերը լուծում են հարազատները, այնպես որ՝ ամեն ինչ ունենք», - նշեց Մակարյանը։

Հիշեցնենք, որ Սուրեն Սիրունյանն այսպես կոչված՝ «7-ի գործով» 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման եւ 1 տարի կալանավայրում մնալուց հետո համաներմամբ ազատ էր արձակվել։ Վերջին շրջանում նա որեւէ քաղաքական ուժի չէր անդամակցում, սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համակիր էր։

please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG