Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորվել է Մասիսի քաղաքապետի թեկնածուի որդին


Մասիս քաղաքի կետրոնական հրապարակը:

Մասիս քաղաքի կետրոնական հրապարակը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այսօր դատարանը բավարարել է 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանավորումն ընտրելու` մեղադրող կողմի միջնորդությունը:

Նույն գործով ձերբակալված երկրորդ անձի` 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանի խափանման միջոցը եւս ընտրվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են խուլիգանության մեջ:

Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին ձերբակալվել էր օգոստոսի 13-ի ուշ երեկոյան իր տան շրջակայքում հնչած կրակոցների առնչությամբ:

Ոստիկանության պաշտոնական վարկածն այն է, որ օգոստոսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված «ՎԱԶ-21-21» մակնիշի ավտոմեքենայի անիվը, ինչից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից նրա ուղղությամբ արձակել է 2 կրակոց: Հովհաննիսյանը փախել է, կես ժամ անց վերադարձել եւ «Մակարով» տիպի պնեւմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ:

Մինչդեռ Վոլոդյա Դալլաքյանի հարազատները պնդում են, որ տան վրա այդ օրը «հարձակում է» եղել, որին մասնակցել են տասնյակ «զինված անձինք, որոնք ազատության մեջ են»։ Վոլոդյա Դալլաքյանը, աշխատանքից վերադառնալով եւ դա տեսնելով, որսորդական հրացանով օդ է կրակել՝ այդ պահին տանը գտնվող կնոջն ու փոքր երեխաներին պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG