Մատչելիության հղումներ

Օգոստոսի 18-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագրի ուշադրության կենտրոնում Ռուսաստանում Pussy Riot խմբի աղջիկներին ազատազրկման դատապարտելու աղմկահարույց փաստն է: Խմբագիրը նկատում է. - «Փանկ-ռոք խմբի «ելույթը» տաճարում վիրավորել է հավատացյալների զգացմունքները: Եթե նման խումբ երգեր, ասենք, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, եւ ես այնտեղ լինեի, դա ինձ ու մնացած ներկաներին, անշուշտ, կզայրացներ:Բայց դա գործի, այսպես ասած, բարոյական կողմն է: Pussy Riot-ի աղջիկները, կարծես թե, զղջացին իրենց արարքի համար եւ ներողություն խնդրեցին: Դրանից հետո գալիս է քաղաքական եւ իրավական մասը, եւ այստեղ Ռուսաստանի իշխանությունը, նախեւառաջ՝ դատական, բավականին խոցելին է: Ի՞նչ կլիներ, եթե փանկ-ռոքերները երգեին ոչ թե «Աստվածամայր, վտարիր Պուտինին», այլ, ասենք, «Բատյանյա կոմբատ» երգը: Նրանց այդ դեպքում նույնպե՞ս կազատազրկեին երկու տարով, թե՞, հակառակը, կհրավիրեին ելույթ ունենալու Կրեմլի Համագումարների պալատում: Համենայնդեպս, հիմնավոր կասկածներ կան, որ դատարանը պաշտպանում էր ոչ թե հավատացյալների զգացմունքները, այլ «ցարին» ու նրա գահը:Իհարկե, նման դեպքերում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունը փոքրիկ եւ աննշան միջադեպից միջազգային մասշտաբի պատմություն սարքում, երբ կարելի էր այդ աղջիկներին տուգանել եւ բաց թողնել: Երբեմն մտածում ես՝ իշխանություններն իրենց օգուտը չգիտեն, պարզապես ղեկավարվում են էմոցիաներով եւ այլն: Դա ճիշտ է միայն մասամբ. մեծ հաշվով, այո, բոլոր հետեւանքները չեն հաշվարկում: Բայց մարտավարական առումով նպատակը պարզ է՝ վախեցնել հասարակությանը, լռեցնել ցանկացած դժգոհ եւ քննադատական ձայն: Որպեսզի հնչի այն, ինչ հնչում է ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով՝ ձոներ, ներբողներ եւ, ի դեպ, խայթոցներ «փիս» ամերիկացիների եւ եվրոպացիների հասցեին: Որքանո՞վ է այդ մարտավարությունը արդարացված՝ կարելի է դատել արդյունքներից՝ Պուտինը, ըստ էության, իշխանության գլխին է 1999 թվականից ի վեր»:

«Հայկական ժամանակ» թերթն անդրադառնում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի մասնակցությամբ Ախալցխայում կայացած համերգին. - «Տրամաբանությունը հուշում է, որ հարեւան երկրում տեղի ունեցող այս մեծ միջոցառումը պետք է դառնար մեր քարոզչամիջոցների գլխավոր թեման: Չէ՞ որ Վրաստանում տեղի է ունենում մի մեծ իրադարձություն, որի կենտրոնում ոչ թե Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին էր, այլ մեր հայրենակիցը` Ազնավուրը: Ավելի լավ առիթ ինքնագովազդի, ինքնափառաբանման, Ջավախքը որպես հայկական ակունքներ ու ներկա ունեցող միավոր ներկայացնելու համար, թերեւս, էլ չի լինի: Իսկ ինչի ականատեսը եղանք մենք: Մեր քարոզչամիջոցները գրեթե անտարբեր էին, եթե չասենք` բացասական ենթատեքստով էին ներկայացնում այդ իրադարձությունը: Եղան նույնիսկ այդ պատմական համալիրը բացելու դեմ հայտարարություններ` ուղղված նաեւ Ազնավուրի մասնակցությանը: Այս ամենի մեջ տրամաբանություն գտնելը, ճիշտն ասած, այնքան էլ հեշտ չէ: Եթե անկեղծ լինենք` այդպես էլ չկարողացանք սպառիչ հիմնավորումներ գտնել, թե ամբողջ օրը «սփյուռքի մեր հայրենակիցների», «հայ ազգի», «հայության», ջավախահայերի», «հայկական աշխարհի» մասին խոսող մեր իշխանական քարոզչամիջոցները ինչու չօգտագործեցին Ջավախքում անցկացվող այս իրադարձությունը` նույն այդ թեմաները ծաղկեցնելու համար: Պատճառը նախա՞նձն է, նեղացա՞ծ են Շարլ Ազնավուրից, նեղսրտա՞ծ են Սահակաշվիլիից, Պուտինը «դաբրո» չի՞ տվել, թե՞ Վրաստանի հաջողությունները խարխլում են մեր «էվոլյուցիոն ճանապարհով երկիրը առաջ տանող» իշխանության հիմքերը»:

Անդրադառնալով սիրիահայության խնդիրներին` «ժամանակ»-ը գրում է. - «Եվ ինչ էլ ասելու լինենք, ինչ էլ անելու լինենք, պետք է ընդունենք նաեւ եւ ցավով արձանագրենք, որ խոշոր հաշվով մենք՝ որպես պետություն, այսօր ի զորու չենք լուծել այդ մարդկանց թե´ մարդկային, թե´ ֆիզիկական, թե´ նյութական անվտանգության հարցը: Ընդ որում, սրա պատճառները ոչ միայն սուբյեկտիվ են, այլ նաեւ օբյեկտիվ: Եվ այս անելանելիությունը թե´ նյարդայնացնող է, թե´ հուսահատեցնող, հատկապես, երբ Հայաստանում, այդ առումով, խոշոր հաշվով ականատես ենք լինում ընդհանուր անհամարժեքության՝ թե´ հասարակական, թե´ քաղաքական իմաստով: Եվ միայն հասարակության չնչին մասն է, որ հաղորդակից է լրատվամիջոցներով սիրիահայության իրավիճակի լուսաբանմանը, տեղեկություններ է փնտրում Սիրիայից եւ ուրախանում, որ դրանք հայկական համայնքի կորուստների մասին չեն գուժում: Առայժմ չեն գուժում, եւ հուսանք, որ ապագայում էլ չեն գուժելու: Բայց, այդ ամենը գուժում է մեկ այլ իրականության մասին՝ հայաստանյան իրականության մասին, Հայաստանի իշխանական եւ քաղաքական ուժերի մասին, որոնք այս օրերին, ըստ էության, որեւէ կերպ մատը մատին չխփեցին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG