Մատչելիության հղումներ

Իշխանությունները երկրաշարժից տուժած վարհավարցիներին կոնկրետ խոստումներ չեն տալիս


Երկրաշարժից տուժած Վարհավար գյուղի բնակիչները սպասում են մարզպետարանի օգնությանը։

Անցած շաբաթ Իրանում տեղի ունեցած երկրաշարժից փլուզումներ են եղել նաեւ Հայաստանի՝ Իրանին սահմանակից այդ գյուղում։ Դեպքից միայն չորս օր հետո Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելեցին գյուղ՝ ուսումնասիրելու վնասների չափը։

Վարհավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանի խոսքերով, մարզպետարանի ներկայացուցիչները խոստացել են վնասների չափերն ուսումնասիրելուց հետո փոխհատուցել։

«Վնասների չափսերը տարբեր է։ Իրենք ում վնասը ինչքան կա՝ գրել են մոտավորապես, որ տանեն մասնագիտական հաշվարկներով անունների դիմաց գրեն՝ որ ընտանիքին ինչքան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այսօր ասաց գյուղապետը, - «Փլված պատեր կան, մարդ կա որ տունն է ճաքել, հո նույն հավասար ձեւի չե՞ն տա։ Ռեալ պատասխան կտան բնակիչներին այդ վնասների վերաբերյալ»։

Չնայած գյուղապետը վստահեցնում է, որ մարզպետարանն անուշադրության չի մատնի ստորգետնյա ցնցումներից տուժածներին, Վարհավարի բնակիչ Ձայնիկ Դավեյանը այսօր մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ մարզպետարանի աշխատակիցները կոնկրետ խոստումներ չեն տվել։

Դավեյանի տունը ամենաշատն է տուժել երկրաշարժից․ փլվել է նրա տան ճակատային պատը եւ ընտանիքը այլեւս չի կարողանում գիշերել այնտեղ։

«Պարզապես ասացին՝ հնարավորության դեպքում կօգնեն։ Մենք ձեզ կոնկրետ չենք ասի, որ այսինչ բանով ձեզ կարող ենք օգնել, կամ հենց հիմա կբերենք կտանք։ Հնարավորության դեպքում կօգնենք․․․», - պատմում է նա։

Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։ Այսօր էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Սյունիքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը պատերի փլուզման փաստին տվեց «որոշակի վնասվածություն» գնահատականը։

«Մենք ունենք որոշակի ուսումնասիրություններ՝ անվանական ուսումնասիրություններ, որոնք, կարելի է ասել, վտանգ չեն ներկայացնում։ Կան նաեւ, որոնք, չէի ասի վտանգ են ներկայացնում, բայց բնակության համար նպատակահարմար չեն։ Վարհավար համայնքում երկու-երեք անհատական տներ կան, որոնք քանդվել են՝ լինելով հողաշեն եւ աթարից կառուցված։ Թեկուզ զարմանալի կհնչի, բայց 100-120 տարի առաջվա կառուցված շենքեր են, որոնք ոչ թե երկրաշարժի ցնցումից, այլ, կարելի է ասել, բարոյապես, ֆիզիկապես ամբողջությամբ մաշված վիճակում են։ Ցնցումը նպաստել է դրան եւ պատի մի մասը կամ ինչ-որ մի բան քանդվել է», - նշեց Ուստաբաշյանը։

Վնասների փոխհատուցումների ժամկետների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե առհասարակ փոխհատուցում կլինի, թե ոչ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը հրաժարվեց խոսել, նշելով, որ իրավասու չէ։

«Ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվելու են Տարածքային կառավարման նախարարություն, որտեղ էլ կորոշեն», - տեղեկացրեց Արշակ Ուստաբաշյանը։

XS
SM
MD
LG