Մատչելիության հղումներ

Չորս ամիս առաջ Հալեպից Երեւան մշտապես բնակության տեղափոխված Փայասյանների ընտանիքը մեկն է այն սիրիահայ ընտանիքներից, ովքեր սպասում են Հայաստանի քաղաքացի դառնալու իրենց հերթին:

Սիրիայում տիրող պատերազման իրավիճակի ընթացքում շատ սիրիահայեր որոշեցին օգտվել Հայաստանի ընձեռած երկքաղաքացիություն ստանալու իրավունքից: Շատ սիրիահայեր, ինչպես Փայասյանների ընտանիքը, «Ազատություն» ռադիոկայանին ասում են, որ իրենց համար մեծ պատիվ է դառնալ հայրենիքի քաղաքացին:

Հալեպում ապրելու ժամանակ նրանք Հայաստանում մշտական կացության իրավունք էին ստացել:

«Տեղափոխվելուց հետո դիմեցինք քաղաքացիություն ստանալու», - ասում է ընտանիքի հայրը` Գեւորգ Փայասյանը։

Պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան տեղափոխված ու այստեղ հաստատվելու մտադրություն ունեցող ընտանիքում երկու կարեւոր խնդիր ունեն` տան եւ աշխատանքի: Նրանք այժմ ապրում են վարձով:

Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Գեւորգ Փայասյանը աշխատանք չի կարողանում գտնել:

«Ինչ գործ լինի՝ կանեմ», - ասում է նա ու պատմում, որ Երեւանի մյուս ծայրանասում գործ կար, բայց չկարողացավ դիմանալ պայմաններին` առավոտյան ժամը իննից մինչեր կես գիշեր աշխատեցնում էին, ասում է 69-ամյա հալեպահայը։

Գեւորգի տղան տեղավորվել է Երեւանի սննդի կետերից մեկում: Տան տիկինը՝ 61-ամյա Հելենը, նշում է, որ որդու աշխատավարձով հազիվ հասցնում են տան վարձը վճարել ու սննդի հարցերը լուծել:

Հալեպում հայ կանայք չեն աշխատում, թագուհու պես են ապրում՝ այս մասին հաճախ կարելի է լսել հալեպահայ կանանցից: Տիկին Հելենը նույնն է ասում: Երբեք չի աշխատել՝ կարիք չի ունեցել, ամուսինը կարողացել է տունը պահել։ Սակայն այժմ Հայաստանում Հելենան ասում է՝ կփորձեր աշխատանք գտնել, եթե առողջական վիճակը թույլ տար։

Փայասյանների ընտանիքն իր ապագան կապում է Հայաստանի հետ: Հալեպը շատ են սիրում, բայց կարծում են, որ պատերազմական գործողություններից հետո այն դժվար թե նույնը մնա։

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նախորդ երկու տարիների համեմատ կտրուկ աճել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմող Սիրիայի քաղաքացիների թիվը: Ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, այս տարվա առաջին կեսին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել 3 հազար 248 Սիրիայի քաղաքացի` նրանց գերակշռող մասը հայ է: Այս ցուցանիշն այնքան է, որքան նախորդ տարվա ցուցանիշն է` նախորդ տարվա ողջ ընթացքում ավելի քան 3.000 Սիրիայի քաղաքացի է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Քաղաքացիություն ստանալու հարցով միայն հուլիս ամսին ոստիկանություն է դիմել 415 Սիրիայի քաղաքացի:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ազգությամբ հայերի համար դյուրացված է անձնագիր ստանալու ընթացակարգը` օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն նրանք անձնագիր են ստանում 6-7 ամսվա ընթացքում։

XS
SM
MD
LG