Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաստատում է, որ ԱԺ հանրապետական պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի զարմիկը՝ այս տարվա հուլիսի 7-ին կալանավորված Արման Բադալյանն ազատ է արձակվել:

Գլխավոր դատախազությունից էլ հաստատում են, որ Բադալյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է դատախազության միջնորդությամբ՝ Ազգային Ժողովի հանրապետական պատգամավորներ Արմեն Մխիթարյանի եւ Առաքել Մովսիսյանի երաշխավորագրերի հիման վրա: Հուլիսի 4-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի հարակից կայարանամերձ հրապարակից ոստիկանություն բերման ենթարկված եւ ձերբակալված Արման Բադալյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ խուլիգանության եւ ապօրինի զենք զինամթերք կրելու մեջ: Մհեր Սեդրակյանի քրոջ որդու խափանման միջոցը փոխելու հիմնավորումներից մեկն այն է, որ դա արվել է «օպերատիվ նկատառումներով». քննչական մարմիններում վստահեցնում են խափանման միջոցի փոփոխությունը չի նշանակում դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

Արման Բադալյանի ձերբակալության օրերին ոստիկանությունը չէր հերքում, որ նրան բերման ենթարկելու եւ ձերբակալելու համար հիմք էր հանդիսացել այս տարվա հունիսի 22-ին Երեւանի Երկաթուղայինների 9-րդ փողոցում կատարված սպանությունը, թեեւ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել: Բայց քանի որ, ըստ տարբեր տեղեկությունների, այդ օրը սպանված Սուրեն Զորոյանի եւ Արման Բադալյանի մասնակցությամբ 4 տարի առաջ՝ 2008-ի մարտին «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի մոտակայքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել էր Բադալյանի ընկերներից մեկը, մամուլում շրջանառվում էր վարկած, որ գուցե իրավապահները Արման Բադալյանին կասկածել են ընկերոջ սպանության համար տարիներ անց վրեժխնդիր լինելու մեջ եւ բերման են ենթարկել:

Սակայն այսօր ե՛ւ իրավապահ, ե՛ւ քննչական մարմինները վստահեցնում են, որ Բադալյանի ձերբակալությունն ու քրեական հետապնդումը որեւէ կապ չունեն եւ չեն ունեցել Սուրեն Զորոյանի սպանության դեպքի հետ: Նրան խուլիգանության, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է առաջադրվել՝ 2008-ի այդ ծեծկռտուքի դեպքի առնչությամբ: Իսկ թե ինչու դեպքից 4 տարի անց՝ չի հիմնավորվում: Պաշտպանական եւ մեղադրող կողմերից, ի դեպ, հակասական տեղեկություններ են ստացվում այս տարիներին Արման Բադալյանի հետախուզման մեջ լինել-չլինելու վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է խափանման միջոցի փոփոխությանն ու Արման Բադալյանին մեկամսյա կալանքից հետո ազատ արձակելուն՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Բադալյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը որեւէ կապ չունի Մհեր Սեդրակյանի ազգականը լինելու հանգամանքի հետ. - «Բացարձակ որեւէ միջնորդություն Մհեր Սեդրակյանի կողմից չի եղել: Որեւէ մեկի ձեռքերը կապված չեն եղել այդ հարցում, գործողություններն ազատ կատարվում են եւ մինչեւ վերջ կատարվելու են: Գործը մինչեւ դատարան գնալու է, եւ եթե մեղավոր է՝ իր պատիժը կկրի: Խափանման միջոցի փոփոխությունը նշանակություն չունի»:

Հարցին, թե եթե Արման Բադալյանի փոխարեն լիներ շարքային եւ ազդեցիկ ազգականներ չունեցող քաղաքացի, նրա խափանման միջոցը ե՞ւս կփոխվեր նման մեղադրանքի դեպքում, Երեւանի ոստիկանապետը այսպես պատասխանեց. - «Շատ են նման դեպքեր լինում, երբ զենքի հետ կապված ձերբակալվում են, կալանավորվում են, հետո, եթե քննությանը չեն խոչընդոտում, օգնում են, իհարկե՝ կարող է եւ փոխվել խափանման միջոցը»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ի սկզբանե հայտարարել է, որ սա իրեն առնչվող հարց չէ եւ ինքը պատասխանատու չէ իր բոլոր բարեկամների արարքների համար:

XS
SM
MD
LG