Մատչելիության հղումներ

Բարեփոխումներ են իրականացվում զորակոչային համակարգում


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում զորակոչային համակարգում, որոնց շրջանակում չեն բացառվում կադրային նոր փոփոխությունները:

«Այս տարվա զորակոչի հետ կապված որոշակի խնդիրներ եղան, ազատվեց գլխավոր զինկոմը եւ որոշակի պաշտոնատար անձինք, եւ չի բացառվում, որ առաջիկայում ուրիշ փոփոխություններ եւս տեղի ունենան` մեխանիզմի եւ ընդհանուր զորակոչային համակարգի: Սա ենթադրում է ե'ւ զինկոմները, ե'ւ բժշկական հանձնաժողովները, ե'ւ ամբողջ այդ պրոցեսը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Խոսնակը, սակայն, չմանրամասնեց, թե ձեւաչափային ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել զորակոչային համակարգը` նշելով, թե հիմա քննարկումների փուլն է:

«Մենք ամեն տարի զորակոչի ավարտից հետո մինչեւ հաջորդ զորակոչը ամենայն մանրամասնությամբ վերլուծում ենք ամբողջ պրոցեսը: Հազարավոր գործեր են վերհանվում ու նորից քննվում, որոնց ընթացքում ի հայտ են գալիս տարբեր օրինախախտումներ, մարդիկ են պաշտոնից ազատվում, ինչ-որ փոփոխություններ են կատարվում: Մեխանիզմները տարեցտարի խստացվում են», - նշեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Բայց ծնողները շատ դեպքերում գտնում են տարբեր հնարամիտ մեթոդներ, որպեսզի որոշակի խախտումների դիմեն»:

Նա ասաց, որ վերջին զորակոչի ամփոփումն ընթացքի մեջ է, եւ «չի բացառվում լուրջ պաշտոններից ազատումներ, չի բացառվում զորակոչային ամբողջ համակարգի հիմնարար փոփոխություն»:

Պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ պաշտոնանկ արված զինկոմ Սերգեյ Չալյանը նախարար Սեյրան Օհանյանի հետ անձնական հակասություն չի ունեցել:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե բանակի համալրման խնդիր չկա, զորակոչն իրականացվում է համալրման համար մշակված երկարամյա ծրագրի շրջանակում, որը ենթադրում է պայմանագրային զինծառայողների քանակի ավելացում:

Պաշտպանության նախարարության խոսնակի պնդմամբ` բանակում նվազել են սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը, եւ դա «հետեւողական աշխատանքի արդյունք է»:

Նա շեշտեց, թե առանց նախարարության ջանքերի պատկերը շատ ավելի վատ կլիներ. - «Իհարկե ավելի շատ կլինեին [դեպքերը]: Կայքերում նայեք, թե տարվա ընթացքում երկրում ինչքան ինքնասպանություններ են եղել քաղաքացիների շրջանում, ինչքան լուրջ հանցագործություններ են եղել… Նման ագրեսիվ մթնոլորտից բանակ գնալու ընթացքում, եթե զսպողական մեխանիզմ չկիրառվի, դուք պատկերացրեք, թե ինչ ցուցանիշներ մենք կարող ենք ունենալ»:

Հիշեցմանը, որ խաղաղ պայմաններում բանակում մահացածների ծնողները պարբերաբար ցույցեր են կազմակերպում Կառավարության շենքի մոտ, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Այդ արտահայտությունը վերաձեւակերպեք: Խաղաղ պայմաններում զոհված զինվոր չունենք: Մենք խաղաղ պայմաններ չունենք ընդհանրապես: Այդ քրեական գործերի հետ որոշակի խնդիրներ կան, որոնք գտնվում են իրավական գերատեսչությունների ենթակայության տակ, եւ այդ հարցին չեմ կարծում, որ մենք պիտի պատասխանենք»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջին փուլում են հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները. - «Կառուցվել է մեր իրականության համար աննախադեպ վրանային ավան` իր հարմարություններով, իր հնարավորություններով»:

XS
SM
MD
LG