Մատչելիության հղումներ

Սիրիահայ ուսանողները Հայաստանում կրթություն ստանալու հարցում դժվարություններ ունեն


Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան եկած սիրիահայ երիտասարդները այստեղ բարձրագույն կրթություն ստանալու հարցում դժվարությունների են հանդիպում։

17-ամյա Նարեկը Չաղլասյանը երկու շաբաթ է ինչ Հայաստանում է, իսկ նրա տարեկից Գարո Արոյանը՝ մոտ մեկ ամիս: Եկել են Հալեպից:

«Չէինք պլանավորել, որ այստեղ պիտի գանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին նրանք՝ թվարկելով այստեղ կրթություն ստանալու հետ կապված խնդիրները, որոնց բախվել են՝ նրանց անհրաժեշտ փաստաթղթերը մնացել են Սիրիայում, որոշ առարկաներ, որ սովորել են արաբերեն, օրինակ՝ ֆիզիկան, այստեղ հայերեն են անցնում, ու տերմինները երբեմն անծանոթ են։ Մի խնդիր, որ հատկապես առանձնացրեցին սիրիահայ տղաները, այն է, որ Հայաստանում կրթությունը վճարովի է, մինչդեռ Սիրիայում կրթությունն ամբողջությամբ անվճար է։

Ու չնայած սիրիահայ ուսանողների համար Հայաստանում կրթություն ստանալը թանկ հաճույք է, մեր զրուցակիցներն ասում էին, որ իրենց ընկերներից շատերն են որոշել գալ Հայաստան ու ընդունվել հայկական բուհեր։

Կրթության եւ գիտության նախարարության Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ Ամալիա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես անդրադարձավ տղաների բարձրացրած խնդիրներին։ Մասնավորապես, քանի որ Սիրիայի պետական գերատեսչությունները չեն աշխատում, սիրիահայերը չեն կարողանում ստանալ ավարտական փաստաթղթերը։ Սակայն այս խնդրում Հայաստանի ԿԳՆ-ը ընդառաջել է մեր հայրենակիցներին:

«Քանի որ նրանց ավարտական բոլոր քննությունները տեղադրված են ինտերնետային կայքէջերում, մենք առայժմ վերցնում ենք ինտերնետից հանված նրանց բոլոր միավորները», - նշեց Ամալիա Քոչարյանը։

Ինչ վերաբերում է կրթության վարձավճարների խնդրին, ԿԳՆ ներկայացուցիչը նշեց, որ սովորաբար արտասահմանյան ուսանողների ուսման վարձը տեղացի ուսանողներից բարձր է լինում, սակայն սիրիահայերի դեպքում նախարարությունը որոշել է հավասար պայմաններ ստեղծել:

Ամալիա Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Սիրիայի 93 քաղաքացիներ արդեն ուսանում են Հայաստանի տարբեր միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ այս տարի էլ քիչ չեն դիմողները՝ այսօրվա դրությամբ արդեն 32 դիմում կա: Այս տարի սիրիահայերի շրջանում ամենաշատ պահանջարկ ունեցող բուհը Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանն է: Քիչ չեն դիմողները նաեւ Բժշկական համալսարան: Մեկ դիմորդ էլ հայագիտության բաժին է դիմել:

XS
SM
MD
LG