Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը Օբամայից դեմ առ դեմ հանդիպում է պահանջում


Բարաք Օբաման ողջունում է մարդկանց Դենվեր քաղաքում, 8-ը օգոստոսի, 2012

Բարաք Օբաման ողջունում է մարդկանց Դենվեր քաղաքում, 8-ը օգոստոսի, 2012

ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Հայ դատի հանձնախումբը վերստին կոչ է անում նախագահ Օբամային դեմ առ դեմ հանդիպում ունենալ հայկական համայնքի ղեկավարների հետ` Սպիտակ տան քաղաքակությունը քննարկելու համար:

Կառույցի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով` այդ մասին Հայ դատի հանձնախմբի ղեկավարը հատուկ նամակ է հղել Բարաք Օբամային` հիշեցնելով, որ վերջինս հայերի հետ ակտիվ շփումներ ունենալու խոստումներ էր տվել դեռեւս չորս տարի առաջ` նախընտրական քարոզարշավի ժամանակ, որոնք, սակայն, մինչ օրս այդպես էլ իրականություն չեն դարձել:

«Հիմա ժամանակ է, որ նստենք կարեւոր թեմաների վերաբերյալ խոսենք` լինի Հայաստան, լինի Ջավախք, լինի Հայոց ցեղասպանության հարց, եւ նայենք, թե ապագան ինչ կբերի», - ասում է Չուլջյանը:

«Մինչ օրս չկայացած, սակայն անհրաժեշտ այդ հանդիպումը կարող է տեսակետների եւ կարծիքների փոխանակման հարթակ դառնալ, հնարավորություն տալով Ձեզ լսել ամերիկահայերի մտահոգություններն ու հիասթափությունները, ինչպես նաեւ ակնկալիքներն ու հույսերը` ապագայի հետ կապված», - Օբամային ուղղված նամակում գրել է Քեն Խաչիկյանը` հավելելով. - «Ձեր եւ ամերիկահայերի միջեւ ուղիղ երկխոսության բացակայությունը անառողջ միջավայր է ստեղծում թե ամերիկյան ժողովրդավարության, թե դիվանագիտության համար»:

Հանձնախմբի խոսնակը ասում է` եթե Բարաք Օբաման արձագանքի այս նամակին, իրենք պատրաստվում են բարձրացնել ամերիկահայերին եւ Հայաստանին ամենից շատ հուզող հարցերը. - «Ամերիկա-Հայաստան հարաբերությունների հզորացումը թե տնտեսապես, թե քաղաքականորեն, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խոստումները եւ ղարաբաղյան հարցի գծով հարցերը… դժբախտաբար, ամերիկահայ գաղութը հիասթափված է իր կեցվածքից, եւ այս տեսակի դեմ առ դեմ հանդիպումը մի առիթ է, որ կարողանանք այս թեմաների մասին խոսել եւ տեսնել, թե իր տեսլականը ինչ է, եթե նոյեմբերի ընտրություններին վերընտրվի»:

Օբամային ուղղված նամակում Հայ դատի հանձնախմբի ղեկավարը նաեւ փաստել է, որ ամերիկահայերին տված խոստումը չկատարելով` Օբաման միաժամանակ մի շարք հանդիպումներ է ունեցել հայկական համայնքի դիրքորոշմանն ու արժեքներին ակնհայտորեն թշնամաբար տրամադրված տեղական կազմակերպություննի եւ այլազգի քաղաքական գործիչների հետ:

«Հույս ունենք, որ դուք կնախընտրեք չավարտել Ձեր նախագահության ժամկետը առանց գոնե մեկ պաշտոնական հանդիպում անցկացնելու ամերիկահայ առաջնորդների հետ», - գրել է Քեն Խաչիկյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG