Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը պատանդ է դարձել իր իսկ վարած քաղաքականության ձեռքին»


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսումն անընդունելի է միջազգային հանրության համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ըստ Բաբայանի` Ադրբեջանը պատանդ է դարձել իր իսկ վարած քաղաքականության ձեռքին:

«Ռազմականացված պետություն է դա, եւ հիմա հասարակությունը լեգիտիմ պարտադրում ունի, ասում է` ինչո՞ւ եք այդքան ծախսեր ուղղում բանակին, եթե չեք կարողանում պատերազմի հարցը կարգավորել: Որպեսզի Ադրբեջանը դա շտկի, պետք է շարունակի իր բյուջեի ռազմականացումը, բայց խախտումներով», - ասաց Բաբայանը:

Բաբայանը միջազգային հանրության` պատերազմին դեմ լինելու հանգամանքը բացատրում է նաեւ նրանով, որ սա որակապես բոլորովին այլ պատերազմ կլինի, քանի որ այստեղ ներգրավված են լինելու բազմաթիվ պետություններ: Ըստ նրա` Ադրբեջանում կան շատ ազգեր, ովքեր հալածանքների են ենթարկվում, եւ հավանական պատերազմը անկախանալու ցանկությունը իրականացնելու առիթ կարող է լինել:

«Լեզիներն են, ավարցիներն են, որոնք ապրում են նաեւ հարեւան Դաղստանում: Պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր է Դաղստանի իրենց եղբայրները գան եւ օգնեն: Սա նշանակում է, որ կամա թե ակամա Ռուսաստանը ուղղակիորեն պիտի ընդգրկվի, որովհետեւ Դաղստանը Ռուսաստանի մասն է: Նույնը վերաբերում է թալիշներին, որոնք ապրում են նաեւ Իրանում, սա նշանակում է Իրանը կարող է նաեւ միջամտել», - ասաց Բաբայանը:

ԼՂ նախագահի մամլո խոսնակը ավելացնում է, որ, բնականաբար, Թուրքիան կմիջամտի, իսկ սա արդեն ՆԱՏՕ, ԱՄՆ մասնակցություն է ենթադրում, ինչը շատ խառը իրավիճակ կստեղծի` անկանխատեսելի ավարտով:

«Եվ այդ պետությունները չեն ուզում ինչ-որ մի Ալիեւի պատճառով գնան եւ մտնեն մի անհասկանալի եւ անկանխատեսելի իրավիճակի մեջ», - ասաց Բաբայանը:

Հավելենք, որ օգոստոսի 14-16-ը Լեռնային Ղարաբաղում բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվեցին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական, ցուցադրական զորավարժություններ: Զորավարժություններին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հերթական անգամ պատերազմի վերսկսման սպառնալիքներով հայտարարություն է արել:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ նման զորավարժություններով ինչ-որ պատասխան է ուղարկվում Ադրբեջանին, Բաբայանը պատասխանեց. - «Ինչ-որ ձեւով կարելի է ենթադրել, բայց դա չի կատարվում է Ադրբեջանի հայտարարություններից հետո: Սա պլանային միջոցառում է: Նման միջոցառումները ցույց են տալիս եւ Ադրբեջանին, եւ մյուս պետություններին, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ազատությունը պաշտպանել: Բանակի զորավարժությունները եւ դրանք բարձր մակարդակով անցկացնելը նաեւ խաղաղության եւ կայունության պահպանման գործոն են»:

please wait

No media source currently available

0:00 0:02:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG