Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանությունները խոստանում են արձագանքել երկրաշարժից տուժած վարհավարցիների բողոքին


Սյունիքի մարզպետարանը ուսումնասիրություններ է կատարել Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժած Վարհավար գյուղում։

«Տուն առ տուն կատարեցին մասնագիտական ուսումնասիրություններ եւ կազմեցին համապատասխան ակտեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Վարհավարի գյուղապետ Սուրեն Առաքելյանը, - «Թվերի մասին ոչ մի բան չասացին, որովհետեւ պիտի հաշվարկներ կատարեն։ Եվ ասացին, որ շատ շուտով փոխհատուցումը կլինի։ Մեզանից արդեն ցուցակներ են պահանջել այն բնակիչների, ում տունը վնասվել է։ Ես արդեն դրանք ուղարկել եմ մարզպետարան՝ իրենք տվյալները ունեն»։

Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժել են Մեղրիի շրջակա մի շարք բնակավայրեր։ Մասնավորապես, Վարհավարում փլուզումներ են եղել։ Սյունիքի մարզպետարանը ավելի վաղ հերքել էր այդ փաստը։

Երկրաշարժից հետո գյուղում խուճապային իրավիճակ էր ստեղծվել։ Վարհավարցիներից շատերը դրսում էին գիշերում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք դժգոհում էին, որ իշխանություները բացարձակ անուշադրության են մատնել իրենց եւ երկրաշարժից չորս օր անց էլ Սյունիքի մարզպետարանի որեւէ ներկայացուցիչ իրենց չի այցելել։

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց․ - «Ինչո՞ւ եք այդ մասին գրել։ Սյունիքի մարզպետարանն այնքան ուշադիր է իր բնակիչների նկատմամբ․․․ նույնիսկ մի կով սատկելու դեպքում մենք միանգամից արձագանքում ենք»։

XS
SM
MD
LG