Մատչելիության հղումներ

Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանը մոտ 37 միլիոն դրամ ընդհանուր արժեքով գույք է տրամադրելու հարեւան երկրին:

Այս որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում: Տրամադրվելիք օգնությունն իր մեջ ներառում է վրաններ, ծածկոցներ, սավաններ, ներքնակներ, քնապարկեր եւ այլն: Նախատեսվում է ուղարկել նաեւ պահածոներ եւ ջուր, անհրաժեշտության դեպքում` նաեւ վառելանյութ:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի պարզաբանմամբ` Իրանին տրամադրվելիք սննդի, ջրի եւ վառելանյութի ծավալները դեռեւս ճշտման կարիք ունեն. - «Սննդի մեջ մտնելու են պահածոներ, ջեմեր, մուրաբաներ եւ խմելու ջուր: Կապ ենք հաստատել Իրանում մեր դեսպանի հետ: Նա ասել է, որ հիմնականում պահածոները պետք է լինեն ջեմի եւ մուրաբաների տեսքով, եւ շատ անհրաժեշտություն կա ջրի առումով: Ես ենթադրում եմ, որ վաղը երեկոյան մենք կարող ենք ուղարկել: Եթե ոչ, մյուս օրն առավոտյան` անպայման»:

Մխիթարյանը նշեց, որ սննդի, ջրի եւ վառելանյութի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 20-25 միլիոն դրամ:

Ի տարբերություն հումանիտար օգնության, Իրանը, հիշեցնենք, հրաժարվել էր փրկարարների օգնությունից:

Օգոստոսի 11-ին Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 300, վնասվածներ ստացել շուրջ 3000 մարդ: Աղետից տուժել է ավելի քան 300 գյուղ, շուրջ 16 հազար մարդ մնացել է անօթեւան:

XS
SM
MD
LG