Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 16-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը ուրվագծում է տնտեսության այն պատկերը, որը, ըստ հեղինակի, կարող է իրական դառնալ արտագաղթի հետագա ահագնացման դեպքում. - «Բնակչության նվազումը նշանակում է նաեւ շուկայի փոքրացում: Այսինքն, Հայաստանում արտադրվող ապրանքները ավելի քիչ են սպառվում: Դժվար չէ կռահել, որ շուկայի փոքրացումը բերում է ապրանքների արտադրության նվազմանը, ինչն էլ հանգեցնում է ապրանքի ինքնարժեքի բարձրացմանը: Սա էլ իր հերթին հանգեցնում է տվյալ ապրանքի արտադրության կենտրոնացմանը: Խնդիրն այն է, որ եթե կա նույն ապրանքից արտադրող մի քանի ընկերություն, ապա շուկայի փոքրացման պայմաններում այդ ընկերությունների թիվը պետք է կրճատվի: Ընկերությունները աստիճանաբար կկրճատվեն ու կմնան ավելի քիչ թվով թթվասեր, հաց, պանիր, էլէներգիա, թերթ... արտադրող ընկերություններ: Արդյունքում կկրճատվեն աշխատատեղերը, ինչը կհանգեցնի նոր արտագաղթի, դա էլ իր հերթին կհանգեցնի շուկայի էլ ավելի փոքրացման, սա էլ իր հերթին կհանգեցնի ընկերությունների էլ ավելի կրճատմանը... Մի խոսքով, կա մի գիծ, որից հետո տնտեսությունը կընկնի այս շրջապտույտի մեջ: Չկա որեւէ բանաձեւ, որով կարելի կլիներ հաշվարկել, թե որտեղ է այդ գիծը, այսինքն` բնակչության որ թիվն է այն նվազագույնը, որից հետո երկիրն ընկնում է նման շրջապտույտի մեջ: Բայց ինչ-որ բան հուշում է, որ Հայաստանն արդեն անցել է այդ գիծը կամ, լավագույն դեպքում, հենց այդ գծի վրա է»:

Գնահատելով Հայաստանի ներքաղաքական սպասումները` «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, որ Հայաստանի քաղաքական ուժերը հասարակությանը շարունակաբար կերակրում են աշունների եւ գարունների սպասմամբ, նորություն չէ: Նրանք միշտ էլ հայտարարում կամ ակնարկում են, թե` այ, հիմա դադար ենք տալիս, որ աշնանը կամ գարնանը հնչեղ բաներ անենք, փոխենք իրավիճակը, բեկումնային զարգացումների զարկ տանք եւ այլն, եւ այլն: Այդ ամենն ավելի ու ավելի է վկայում հակառակի՝ ընդդիմության եւ ընդհանրապես` քաղաքական ուժերի անզորության մասին, որովհետեւ հակառակ պարագայում նրանք չէին շարունակի հասարակությանը կերակրել աշնանային կամ գարնանային հռչակագրերով կամ ակնարկներով: Սեզոնային քաղաքականության այդ հատկանիշը վկայում է Հայաստանի քաղաքական կուսակցությունների անկենսունակության մասին, եւ պատահական չէ, որ ներկայումս Հայաստանի հասարակական օրակարգում առաջացել է կուսակցականության եւ քաղաքացիականության դիլեմայի հարցը: Այդ դիլեմայի առկայության համար առաջին պատասխանատուն քաղաքական ուժերն են, որոնք չկարողանալով արդյունավետ կատարել իրենց գործառույթները` ստիպված են մրցակցել իրենցից շատ ավելի փոքր ծավալ ունեցող, բայց շատ ավելի մեծ պոտենցիալ եւ արդյունավետություն կրող քաղաքացիական շարժումների հետ»:

«Առավոտ»-ի խմբագիրն իր հերթին կենտրոնանում է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններում ընտրացուցակների անճշտության խնդրի վրա. - «Սեպտեմբերին նորից թեժանալու են խոսակցություններն ընտրությունների մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, վստահաբար, կանդրադառնան նաեւ ընտրացուցակներին: Ընդդիմադիրներն, օրինակ, պնդում են, որ սխալ ցուցակների շնորհիվ իշխանությունը, ընտրությունները դեռ չսկսած, «մեռյալ հոգիների» պատկառելի պաշար ունի: Այդ առումով նշվում են տարբեր թվեր` սկսած 100-ից վերջացրած կես միլիոնով: Ապացուցել այս կամ այն թիվը դժվար է, բայց` որ իշխանությունն օգտվում է այդ անճշտություններից, իմ կարծիքով, անվիճելի է: Բայց ցուցակների մասին խոսակցությունները մի տեսակ «օդի մեջ են», ընդհանուր բողոքներ են իրավիճակից` համեմված էմոցիոնալ հռետորաբանությամբ: Դրա փոխարեն եկեք համատեղ օգտակար գործ անեք, սկսենք «Մաքրենք ընտրական ցուցակները» շարժումը (անունը, բնականաբար, պայմանական է) եւ առանց ընդդիմադիր «մանտրաների» ձանձրացուցիչ կրկնության, մեր միջոցով ազատենք ցուցակները «մեռյալ հոգիներից» եւ պարզենք, թե իրականում քանի ընտրող կա Հայաստանում»:

«Ազգ» թերթը գրում է. - «Հայտնի է, որ այս` աշնանային նստաշրջանից 5-րդ գումարման Ազգային ժողովում գործելու է Էթիկայի հանձնաժոողովը: Չնայած այդ հանձնաժողովի հետ կապված մեծ հույսեր պետք չէ կապել, քանի որ նրա անդամները նույն ազգային ժողովականներն են, այսինքն` պատգամավորները քննարկելու են այլ պատգամավորների վարքը ու հայկական իրողություններով նրանք չեն կարող վեր լինել փոքրիկ երկրի ծանոթ բարեկամ-շահեր եռանկյունուց, ու հենց իրենց` 130-ի շրջանակից, սակայն, այնուամենայնիվ, այդպիսի հանձնաժողովի գոյությունը մի փոքր կարող է ձգել մեր տարակազմ Ազգային ժողովի ամենաէկզոտիկ եւ օդիոզ պատգամավորներին եւ նրանց, որոնք իրենց ամենակարողներից են համարել մինչեւ այժմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG