Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի երկրաշարժից տուժած Վարհավար գյուղի բնակիչները խուճապահար են


Սոկրատ Առաքելյանը ցույց է տալիս իր տան պատը, որը փլուզվել է երկրաշարժի հետեւանքով։ Լուսանկարը՝ Արեգ Բալայանի, 15-ը օգոստոսի, 2012թ․

Սոկրատ Առաքելյանը ցույց է տալիս իր տան պատը, որը փլուզվել է երկրաշարժի հետեւանքով։ Լուսանկարը՝ Արեգ Բալայանի, 15-ը օգոստոսի, 2012թ․

Սյունիքի մարզի Վարհավար գյուղի բնակիչներն արդեն չորրորդ օրն է՝ գիշերում են դրսում․ մեկը մեքենայի մեջ է քնում, մյուսը մահճակալն է տեղափոխել գյուղամեջ։

Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից տուժել են Մեղրիի շրջակա մի շարք բնակավայրեր։ Մասնավորապես, Վարհավարում փլուզումներ են եղել։

Չորս օր շարունակ խուճապի մեջ գտնվող վարհավարցիներին մարզային իշխանության որեւէ ներկայացուցիչ չի այցելել։

«Հույս տային մարդկանց, ասեին՝ ոչինչ, ինչ եղել է, եղել է․․․ ոչ մեկը չեկան։ Ի՞նչ պիտի անենք մենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր դժգոհում էին երկրաշարժից տուժած գյուղի բնակիչները։

Երեկ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ չեն վնասվել։ Մինչդեռ, այցելելով Վարհավար, մենք մի շարք ճաքճքված ու վնասված տներ տեսանք։

Սոկրատ Առաքելյանի տունն ամենաշատն է տուժել երկրաշարժից․ փլվել է տան ճակատային պատը։ Բարեբախտաբար, ընտանիքի անդամները չեն տուժել։ Ցանկացած թույլ ցնցումը կարող է փլուզել նաեւ մյուս երեք պատերը։

«Պառկած էի։ Մեկ էլ՝ հոպ, հողը գլխիս թափվեց։ Դուրս եկա՝ գլխի չընկա թե ուր գնամ, ինչ անեմ», - պատմում է տուժված տանտերը, - «Մտա դռան տակ, մի քիչ կանգնա, տեսնեմ՝ չէ, վիճակը վատ է։ Մի կերպ հազիվ դուրս եկա փողոց։ Քանդված տուն է։ Ո՞նց անեմ։ 73 տարեկան մարդ եմ։ Ես ի՞նչ պիտի անեմ էս տան մեջ»։

Վարհավարցիները պատմում են երկրաշարժի մասին՝ «շենքը օրորվում էր», «վախ, սարսափ, վնաս»․․․

Իրանին սահմանակից այս գյուղում ներկայումս ապրում է մոտ 50 ընտանիք։ Բնակիչներն իրենց գյուղը համեմատում են Շվեյցարիայի հետ։ Ամռան ամիսներին գյուղը մարդաշատ է լինում․ ոչ հեռու գտնվող Ագարակ քաղաքի բնակիչները հանքավայրերի պոչամբարների հետեւանքներից խուսափելու համար այստեղ են գալիս՝ մաքուր օդ շնչելու։ Սակայն այս օրերին Վարհավարը կրկին մարդաթափվել է։

Գյուղապետ Սարգիս Առաքելյանի խոսքերով, գյուղացիներից շատերը երկրաշարժի վտանգից խուսափելու համար տեղափոխվել են այլ բնակավայրեր։

«Վնասների մասին չեմ կարող ասել, մասնագետը պիտի գա ասի։ Չորս-երեք օր է՝ ժողովրդի մեծ մասը դրսում է քնում․ գարաժներում, մեքենաների մեջ։ Վախենում են։ Օրինակ ես այս տանը, եթե չվերանորոգեմ, ռիսկ չեմ անի մնամ», - պատմեց գյուղապետը։

XS
SM
MD
LG