Մատչելիության հղումներ

Մեդալներ նվաճած օլիմպիականներին դիմավորեցին «Զվարթնոց»-ում


Երեկ ուշ երեկոյան Լոնդոնից Երեւան ժամանեցին մեդալներ նվաճած երեք հայ օլիմպիականները: Օլիմպիական կոմիտեն «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման արարողություն էր կազմակերպել․ երաժշտություն, դափնեպսակներ։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն, ի տարբերություն մարզական այլ հաղթանակների, այս անգամ օդանավակայան չէր եկել։

Մարզիկները բավական բարձր տրամադրություն ունեին, հուզված էին մարզասերների ուշադրությունից: Oդանավակայանում օլիմպիականներին ձեռքերի վրա բարձրացրին:

Բրոնզե մեդալակիր ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ասում էր, որ մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Հռիփսիմեի համար այս տարի հաջորդ կարեւոր գործն ամուսնանալն է։

«Զգացողություններս շատ մեծ են։ Իմ երազանքների որոշ չափը կատարվել է։ Շատ ուրախ եմ», - ասում էր նա։

Բրոնզե մեդալ նվաճած ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն էլ ասում էր, որ իր ուժերը միանգամայն բավականացնում էին ոսկու համար, բայց հպարտ է նաեւ այս արդյունքով:

Մարզասերները ամենաջերմն ընդունեցին շուրջ 16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին արծաթե մեդալ բերած մարզիկին` ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին։

«Շատ հուզված եմ, չեմ կարող ասել ինչ եմ զգում։ Շնորհակալություն որ եկել եք։ Նույնիսկ մեդալը ստանալիս այս կարգի զգացողություն չունեի», - դիմելով հավաքվածներին՝ ասաց մարզիկը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով՝ ոսկին իրատեսակա՞ն էր, Ջուլֆալակյանը պատասխանեց․ - «Իհարկե, ով որ տեսել է [մարտը]՝ կհասկանա։ Բայց հիմա չեմ ուզում այդ մասին խոսել»։

Մարզիկներին դիմավորելու էր եկել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կառավարության սահմանած 15 միլիոն դրամ՝ արծաթե, եւ 10 միլիոն դրամ՝ բրոնզե մեդալի համար, պարգեւավճարներին Օլիմպիական կոմիտեն կավելացնի նաեւ պարգեւներ դրանց կրկնակիի չափով:

Նախարարի խոսքով, արծաթե մեդալը ընդհանուր թվային արդյունքով գուցե բարելավել է Հայաստանի նախորդ արդյունքը, բայց դա իհարկե բավարար չէ։

«Պետք է անկեղծ լինենք․ տարբեր մարզաձեւերում բացթողումները ակնհայտ են։ Հիմա տաք-տաք չեմ ուզում ինչ-որ հայտարարություններ անել», - նշեց նախարարը՝ հավելելով, որ սեպտեմբերին կլինեն հրաժարականներ, բոլոր նրանք, ովքեր թերացել են աշխատանքում, հեռացվելու են պաշտոններից։ Անուններ տալը նախարարը առայժմ նպատակահարմար չգտավ:

Միանշանակ ձախողում՝ այսպես բնորոշեց հայ ծանրամարտիկների ելույթները Հայաստանի ամենամեծ ակնկալիքները չարդարացրած մարզաձեւի` Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։ Հետադարձ հայացքով նա Հայաստանի հաշվեկշռում իրատեսական մեդալներ է տեսնում, օրինակ՝ Մելինե Դալուզյանը, ով Երեւանում լոնդոնյան պատվերից 10 կգ ավելի է բարձրացրել, նույնը՝ Առաքել Միրզոյանը։

«Բայց մրցման ժամանակ նա փոխվեց, դարձավ ուրիշ մարդ, գլուխը անջատվեց․․․ հետեւությունները՝ Օլիմպիական կոմիտեն, Ծանրամարտի ֆեդերացիան ոչ մի բացթողում չեն արել։ Ես պատասխան կտամ բոլորի դեմ։ Մարզիկներին, մարզիչներին հրավիրեք եւ թող որեւիցե մեկը ասի, որ մեր մարզիչները կամ ֆեդերացիայի նախագահը կամ Օլիմպիական կոմիտեի նախագահը մի վայրկյան թերացում են կատարել», - հայտարարեց Սամվել Խաչատրյանը։

Օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանին էլ խնդրեցինք, մեկնաբանել որդու` Առաքելի ձախողումը, որը Երեւանում բավական սուր քննադատության արժանացավ։

«Ֆիզիկապես բավականին լուրջ պատրաստվածություն ուներ, եւ Առաքելը ուղղակի, ինչպես ես տեսա, ընդհանրապես չմտավ մրցապայքարի մեջ։ Ուներ մի թեթեւ հուզվածություն, բայց ուներ նաեւ մեջքի հատվածում սուր ծակոցներ։ Բայց այստեղ հնչեցին տարբեր խոսակցություններ․ ուղղակի կուզենամ մի քիչ համբերատար լինեն, ինչ փոխվելու է՝ կփոխվի, ինչ մնալու է՝ կմնա։ Ովքեր քարկոծում են, ովքեր Գագիկ Ծառուկյանի անունը մամուլում շատ են շոշափում, այն մարդիկ են, որ ընդհանրապես սպորտը երեւի չեն էլ պատկերացնում», - ասաց Օգսեն Միրզոյանը։

please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG