Մատչելիության հղումներ

Օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցավ երկու ուժեղ ստորգետնյա ցնցում: Ցնցումները զգացվեցին նաեւ Հայաստանի տարածքում` հատկապես Կապանում, Մեղրիում, Ագարակում, եւ խուճապի առիթ դարձան:

«Երկու երկրաշարժերի օջախները գտնվում էին իրարից ընդամենը 10 կմ հեռավորության վրա, ընդ որում երկրորդ ցնցումը Հայաստանի տարածքում զգացվել էր ավելի մեծ ուժգնությամբ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը:

Ըստ նրա տրամադրած տվյալների, այս պահի դրությամբ Իրանում զոհերի քանակը հասել է 306-ի, վիրավորվածները շուրջ 3000 են: Հիմնական ցնցումներից հետո տեղի էր ունեցել 80 հետցնցում, որոնցից 30-ը զգացվել է: Վերջին երեք օրերի ընթացքում հիմնական ցնցումից հետո տեղի ունեցած հետցնցումների մեջ երեքը ունեցել են հինգ եւ ավելի մագնիտուդ: Դրանցից վերջինը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով 18.02 րոպեին:

«Այս պահի դրությամբ ավելի մեծ ուժի երկրաշարժ չենք սպասում: Մեր վերլուծության արդյունքները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք մարման պրոցեսի հետ», - նշեց Աշխեն Թովմասյանը եւ հավելեց, որ ցնցումներ, այնուամենայնիվ, կարող են զգացվել:

«Երեւանում մեծ է վթարավտանգ շենքերի քանակը, հարկավոր է լուրջ միջոցառում շենքերի ամրացման համար», - ասաց Թովմասյանը եւ հավելեց, որ, ամեն դեպքում, չի կարելի շենքերում կատարել կամայական փոփոխություններ, որոնք կիջեցնեն շենքերի սեյսմակայունությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG