Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ վերջին ամիսների ընթացքում իրենց բջջային ցանցում տեղի ունեցած խափանումների պատճառը տեխնիկական վերազինման ընթացքում առաջացած խնդիրներն էին:

«Մեզ մոտ տեղադրված ժամանակակից ծրագրային ապահովումը վերազինվում է առնվազն տարին մի քանի անգամ: Այս անգամ վերազինումից հետո եւ առաջին խափանումից հետո մեր մասնագետների կողմից հայտնաբերվեց, որ ծրագրային լուծման մեջ կա սխալ, որը անկանխատեսելի ձեւով ծրագիրը կախում է, դուրս է գցում, եւ աշխատանքը խափանում է», - փոխանցեց Բեղլոյանը:

Նրա խոսքով, առաջին իսկ խափանումից հետո ընկերությունը ձեռնամուխ է եղել անսարքության վերացմանը. - «Հիմա արդեն աշխատանքները մոտենում են ավարտին: Մեծ հույս ունեմ եւ համարյա համոզված եմ, որ մինչեւ լիարժեք աշխատանքների ավարտը այլեւս այդպիսի անախորժություններ չեն լինի: Իսկ վերանորոգումից եւ վերատեղադրումից հետո դա ուղղակի բացառում եմ»:

Անուշ Բեղլոյանը վստահեցրեց, որ նշված աշխատանքները ավարտին կհասցվեն մեկուկես ամսից:

Որպես փոխհատուցում ընկերությունը վաղվանից սկսած 10 օրվա ընթացքում անվճար 30 ներցանցային րոպե եւ 10 մեգաբայթ շարժական ինտերնետ է տրամադրում ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:

Վերադառնալով բջջյանի կապի խափանումներին` Անուշ Բեղլոյանն ասաց. - «Գոնե մի անգամ յուրաքանչյուր օպերատոր իր պատմության մեջ այդպիսի խափանում տեսնում է»:

Նա նաեւ բացառեց, որ նշված խափանումներին որեւէ առնչություն ունենան մրցակից ընկերությունները` հավելելով. - «Քանի որ մենք հստակ գիտենք պատճառը: Մենք երբեւէ առիթ չենք ունեցել կասկածելու մեր մրցակիցներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG