Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունը պահանջում է դադարեցնել լրագրողների հանդեպ բռնությունները Սիրիայում


Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, Սիրիայի ընդդիմությունից պահանջում է վերջ տալ լրագրողների վրա կատարվող հարձակումները:

Երեքշաբթի օրը միջազգային լրագրողական հեղինակավոր կազմակերպությունը բաց նամակ է հղել Սիրիական ազգային խորհրդի նախագահ Ռիյադ ալ-Ասադին, «Ազատ Սիրիա» բանակի ղեկավար Աբդել Բասեթ Սայդային, ինչպես նաեւ Սիրիայի բարեկամներ խմբին: Նամակում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում սիրիացի լրագրողների դեմ աճող բռնությունների կապակցությամբ, ներառյալ` պետական եւ կառավարամետ լրագրողների նկատմամբ:

«Մեր կազմակերպությունը վերջին շաբաթներին արձանագրել է տեղեկատվության ազատության դեմ բռնությունների դեպքեր, որ արվել հակակառավարական ուժերի կողմից: Սիրիայի իշխանամետ լրագրողները հաճախ են թիրախ դառնում, առեւանգվում կամ սպանվում», - նշված է նամակում:

Կազմակերպության նախագահ Քրիստոֆ Դելուայի ստորագրած նամակում հիշատակվում են մի շարք կոնկրետ դեպքեր:

«Օգոստոսի 3-ին իսլամիստական «Ալ-Նոսրա» խմբավորումը հայտնեց, որ սպանել է հեռուստաընկերության հաղորդավար Մոհամադ ալ-Սաիդին, ում իր տնից առեւանգել էին հուլիսի կեսերին: Օգոստոսի 10-ին «Ազատ Սիրիա» բանակի կողմից առեւանգվել են իշխանության հիմնադրած մասնավոր «Ալ-Իխբարիա» մասնավոր հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ: Ըստ հասանելի տեղեկատվության, առեւանգվածներից մեկը մահացել է», - նշված է նամակում, որտեղ այլ դեպեր եւս թվարկված են:

Նամակում նաեւ նշված է, որ օտարերկրյա մի շարք լրագրողներ ասել են, որ ընդդիմադիր ուժերի կողմից մահվան սպառնալիքներ են ստացել, ոմանք առեւանգվել են ջիհադական փոքր խմբավորումների կողմից:

«Այսպիսի պրակտիկան ցավալիորեն հիշեցնում է Ասադի ռեժիմի գործողությունները ընդդիմադիր լրագրողների դեմ», - նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Նամակում Սիրիայի ընդդիմության հիմնական ներկայացուցիչներին կոչ է արվում հրապարակավ դատապարտել այս բռնությունները եւ անհրաժեշտ հետաքննություն անցկացնել:

«Սիրայի ազատ բանակը եւ ընդդիմության մյուս խմբերը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակեն լրագրողներին եւ լրատվամիջոցների աշխատակիցներին», - կոչ է անում կազմակերպությունը:

Այն նաեւ պահանջում է անհապաղ դադարեցնել ստիպողաբար հայտարարությունների նկարահանումները, որ արվում են արժանապատվությունը ոտնահարող գործելաոճով:

Հավելենք, որ նույն օրը, օգոստոսի 14-ին արաբերեն հեռարձակվող «Ալ-Ալամ» իրանական հեռուստաընկերությունը հայտնեց, որ զինյալ ահաբեկչական խմբերը Հոմս քաղաքում տուն վերադառնալիս առեւանգել են հեռուստաընկերության լրագրող Ահմադ Սաթուֆին: Սա Սիրիայում օտարերկրյա լրագրողի անհետացման մասին առաջին հաղորդագրությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG