Մատչելիության հղումներ

Ռուսների մեկ տոկոսը կարծում է, որ հայերը հանցագործ հակումներ ունեն


Արխիվ -- Ազգայնականների երթ Նովոսիբիրսկում

Արխիվ -- Ազգայնականների երթ Նովոսիբիրսկում

Ռուսաստանցիների 12 տոկոսը համոզված է, որ կովկասցիները ավելի շատ են հակված հանցագործություններ կատարելուն, քան երկրում բնակվող ազգային ու կրոնական մյուս խմբերը:

Սա են վկայում ռուսաստանյան սոցիոլոգիական ամենահեղինակավոր ծառայություններից մեկի` «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ФОМ) անցկացրած վերջին հետազոտության արդյունքները: Հայերի, ինչպես նաեւ վրացիների ու ադրբեջանցիների մասին, սակայն, Ռուսաստանի բնակիչները համեմատաբար ավելի դրական կարծիքի են: Հարցվածների միայն մեկ տոկոսն է կարծում, որ Հարավային Կովկասի երեք պետություններից Ռուսաստան տեղափոխվածները աչքի են ընկնում հանցագործ հակումներով: Անհամեմատ ավելի վատ կարծիքի են ռուսները չեչենների, դաղստանցիների, ինչպես նաեւ գնչուների ու տաջիկների մասին:

ФОМ-ի մասնագետներն այս հետազոտությունը նախաձեռնել են այն բանից հետո, երբ «Եդինայա Ռոսիա» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ որոշեցին Պետդումայի աշնանային նստաշրջանի ընթացքում օրենսդրական փոփոխություն նախաձեռնել, որով լրատվամիջոցների հաղորդումներում եւ հրապարակումներում կարգելվի նշել հանցագործների ազգությունը:

Սոցիոլոգները նկատում են, որ օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ ռուսաստանցիների տեսակետները կիսվել են: Հարցվածների 35 տոկոսը համարում է, որ հանցագործների ազգային պատկանելությունը լրատվամիջոցը չպետք է նշի, եւս 31 տոկոսը պնդում է, որ իրավախախտների ազգությունը նշելու արգելքը որեւէ բանով արդարացված չէ: Հարցվածների մոտ մեկ երրորդը այս խնդրում դեռ վերջնականապես չի կողմնորոշվել:

Հանցագործների ազգային պատկանելությունը լրատվամիջոցներում նշելու արգելքը պաշտպանող ռուսաստանցիները հիմնականում իրենց տեսակետը հետեւյալ կերպ են պատճառաբանում. - «Հանցագործների ազգության վրա կենտրոնանալը կսրի իրավիճակը երկրում, կհանգեցնի զանգվածային անկարգությունների եւ կխթանի ազգայնական տրամադրությունների հետագա տարածումը»:

Արգելքին ընդդիմացողներն էլ համարում են, որ շարքային քաղաքացին իրավունք ունի տեղեկանալ, թե այս կամ այն իրավախախտում կատարած անձն ինչ ազգության ներկայացուցիչ է:

«Հարցվածներից շատերը նշել են, որ հանցագործի ազգությունը նշելը թույլ կտա խուսափել այս կամ այն ազգի ներկայացուցիչներից», - նկատում են հետազոտության հեղինակները:

ФОМ-ի մասնագետները նաեւ արձանագրել են, որ հանցագործների ազգությունը մամուլում նշելուն դեմ են բարձրագույն կրթությամբ, խոշոր քաղաքներում բնակվող եւ ազատական հայացքների տեր ռուսաստանցիները: Հակառակ տեսակետին են հակված ազգայնական հայացքների տեր ռուսաստանցիները, հատկապես` Վլադիմիր Ժիրնովսկու ընտրազանգվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG