Մատչելիության հղումներ

Ջավախահայերը Ազնավուրին կոչ են անում հրաժարվել Ախալցխայի համերգից


Ախալցխա քաղաքը, արխիվ

Ախալցխա քաղաքը, արխիվ

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է արել Շառլ Ազնավուրին հրաժարվել երկու օրից Ախալցխայում նախատեսված բարեգործական համերգին մասնակցելուց եւ Վրաստանի իշխանությունների առաջ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները՝ նախեւառաջ Վրաստանում վիճելի համարվող 6 եկեղեցիներից մեկի հարցը։

«Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու՝ Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում», - գրել են այս հայտարարության հեղինակները։

Նրանց կարծիքով, մասնակցելով այս միջացառմանը, Ազնավուրը ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման՝ վրաց իշխանությունների քաղաքականությանը:

Օգոստոսի 16-ից Վրաստանի իշխանությունները ծրագրում են մեծ շուքով նշել վերանորոգված Ռաբաթ բերդի բացման արարողությունը եւ այդ առիթով նրանք նաեւ աշխարհահռչակ շանսոնիեին են հրավիրել Ախալցխա։

Ազնավուրի հայրը՝ Միքայել Ազնավուրյանը, Ախալցխայում է ծնվել։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ախալցխայի քաղաքային խորհրդի ղեկավար Գելա Դեմետրաձեն Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կոչն անընդունելի համարեց, ասաց՝ նախ բոլորը սպասում են ամրոցի բացմանը, երկրորդը՝ Ազնավուրի գալստյանը։ Անգամ հայրական տունն են պատրաստ նրան ցույց տալ։

«Նրա հայրական տունը պահպանվել է։ Եթե Ազնավուրը ժամանակ եւ ցանկություն ունենա, պատրաստ ենք նրան ցույց տալ իր հայրական տունը», - ասաց Գելա Դեմետրաձեն, - «Այդ կոչերը չեն նպաստում ոչնչի, չեն նպաստում խաղաղությանը։ Դեմ են հայերի եւ վրացիների խաղաղ համակեցությանը»։

Ախալցխայի քաղաքային խորհրդի ղեկավարի հավաստմամբ, վերականգնված բերդը 9-րդ դարասկզբի կառույց է եւ ստեղծման պահից եղել է հանդուրժողականության սիմվոլ՝ այստեղ միշտ կողք-կողքի կանգնած են եղել վրացական ու հայկական եկեղեցիները, հրեական սինագոգն ու մուսուլմանական մզկիթը, կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիները։

Ախալցխան, Գելա Դեմետրաձեի խոսքով, 46.000 բնակիչ ունի։ Այստեղ փոքր թվով ադրբեջանցիներ են ապրում։ Շրջանը 70 տոկոսով վրացիներով է բնակեցված, մյուս 30 տոկոսը՝ հայեր են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG