Մատչելիության հղումներ

Սիրիայում սկսել են պարենային օգնություն տրամադրել կարիքի մեջ գտնվող հայերին


Սիրիա -- Սիրիական բանակի ստորաբաժանումները Հալեպում մարտի են բռնվել ապստամբների հետ, 9-ը օգոստոսի, 2012թ․

Սիրիա -- Սիրիական բանակի ստորաբաժանումները Հալեպում մարտի են բռնվել ապստամբների հետ, 9-ը օգոստոսի, 2012թ․

Սիրիայում գործող հայկական կուսակցությունները հայկական եկեղեցիների հետ միասին վերջին օրերին սկսել են պարենային օգնություն տրամադրել ծայրահեղ ծանր վիճակում հայտնված սիրիահայերին։ Պատերազմական գործողությունների հետեւանքով սովի մատնված հայերը գալիս են հայկական եկեղեցի՝ ստանալով ձավարեղեն եւ ձեթ։ «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով իր օպերատորների հետ անցած հինգ օրերին Հալեպում է եղել, փորձել է հենց տեղում պարզել, թե ինչ է կատարվում է Հալեպում եւ ինչ վիճակում է այս քաղաքում բնակվող մեծաքանակ հայ համայնքը։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Բաբաջանյանը պատմեց, որ հայկական թաղամասերը զրկված են հոսանքից, ինտերնետային կապից, ամենուր հացի հերթեր են։

«Մարդիկ, գործազուրկ լինելով, չեն կարողանում հայթայթել նույնիսկ իրենց օրվա հացը։ Միայն վերջին օրերին հայկական կուսակցությունները եւ միությունները եկեղեցիների հետ միացել են եւ որոշել յուրաքանչյուր այդ խեղճ ընտանիքին հատկացնել չոր սնունդ, որը սառնարանային պահման ենթակա չէ։ Մեկ ամսվա համար հատկացվելիք սնունդ էր։ Ես այնպիսի տպավորություն չստացա, որ այդ սնունդով հնարավոր է մեկ ամիս մեկ ընտանիք ապրի։ Ես ականատես եղա երեկ առավոտյան մի իրողության, երբ եկել էին այդ օգնությունը ստանալու մոտ 50 հոգի։ Իրականում եկեղեցում կար ընդամենը 13 պարկ այդ օգնությունից եւ պետք էր տեսնել, թե ինչ խառնիճաղանջ իրավիճակ ստեղծվեց․ այդ աղքատ, խեղճ ժողովուրդը, չստանալով այդ օգնությունը, ուղղակի ձեռնունայն մեկնեց», - պատմեց նա։

Արման Բաբաջանյանն իր ստեղծագործական խմբի հետ եղել է հայկական բոլոր համայնքներում՝ Նոր Գյուղում, Սուլեյմանիում, Թելեֆոն Հավուայում, վիլաներում, հայկական եկեղեցիներում, նաեւ այն վայրերում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։

Բաբաջանյանի փոխանցմամբ, Սիրիայում ընթացող պատերազմի առանձնահատկությունն այն է, որ այսպես կոչված «ապստամբները» ճակատային պատերազմ չեն մղում բանակի դեմ։ Նրանք մտնում են թաղամասեր, բազմաբնակարան շենքեր եւ այնտեղ ծավալում իրենց գործողությունները։

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագրի փոխանցմամբ, թեեւ պատերազմական գործողությունները ընթանում են հայկական թաղամասերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, սակայն ամեն պահի դրանք կարող են հասնել հայերով բնակեցված շրջաններ։ Նա պատմում է, որ հայերը արդեն իսկ սկսել են զինվել՝ փորձելով իրենց ուժերով պաշտպանել հայկական թաղամասերը։

«Հայերը սկսել են զինվել բանակի զենքերով, որոնք կամավոր կերպով գնում են՝ զենք են վերցնում, եւ, իմ ունեցած տեղեկություններով, առաջիկայում, գոնե այս շաբաթվա ընթացքում, հայկական թաղամասերի պաշտպանությունը սկսելու են կատարել հայերը։ Այդ որոշումը՝ հայկական թաղերը պաշտպանել սեփական ուժերով, կարող է ուղղակի հայ համայնքին դարձնել թիրախ գրոհայինների համար», - կարծիք հայտնեց Արման Բաբաջանյանը։

Նա պատմեց, որ տեղի հայերը իրենց հետ զրույցներում թաքուն խոստովանում են, որ այսօր հնարավոր չէ դիմանալ Հալեպում ստեղծված պայմաններին։ Նրանք պատրաստ են, որեւէ հեռանկար չունենալով, Հայաստան գալ եւ իրենց երեխաների անվտանգությունն ապահովել։ Ոմանք, սակայն, ինքնաթիռի տոմսի գումար չունեն, եւ ստիպված մնում են, ոմանք իրենց կանանց եւ աղջիկներին են հեռացրել քաղաքից, իսկ տղամարդիկ էլ մնացել են իրենց բնակարանները պաշտպանելու։ Սակայն, Բաբաջանյանի փոխանցմամբ, համայնքի ղեկավարները ամեն ինչ անում են, որպեսզի հայերը չլքեն Հալեպը, անգամ դա դավաճանություն են դիտում։

«Դավաճանություն է համարվում համայնքը լքելը։ Հիմնական քարոզչությունն այս է՝ որ մենք Սիրիայի լավագույն օրերն ենք կարողացել վայելել, մենք պարտավոր ենք նաեւ այս օրերը կիսել արաբ ժողովրդի հետ եւ մեր երկրորդ հայրենիքը իրավունք չունենք լքելու», - պատմում է նա։

Արման Բաբաջանյանի փոխանցմամբ, Հալեպից օդանավակայան տանող ճանապարհը հսկվում է ապստամբների կողմից, ովքեր օդանավակայան գնալու ճանապարհին իրեն եւ իր օպերատորներին մի քանի անգամ ձերբակալել են։

Սիրիական բանակի հետ խնդիրներ չեն ունեցել, քանի որ Հայաստանում Սիրիայի դեսպանատան միջոցով նկարահանումներ անելու թույլտվություն են ստացել։

«Մեզ չորս տեղ ձերբակալեցին գրոհայինները։ Մեզ ամեն անգամ դուրս էին բերում, տանում առանձին վայր, որտեղ մեր անձնագրերը վերցնում առանձին ստուգում էին, տեսնում էին, որ Հայաստանից ենք։ Բոլորովին այլ վերաբերմունք էր նրանց կողմից եւս։ Եվ մի խումբը ուղղակի խնդրում էր, որ մենք աղոթենք իրենց համար, մյուս խումբը լսում էր, որ մենք անգլերեն գիտենք բավականին լավ, մեզ հետ սկսում էին հարաբերվել՝ մեզ նկատելով որպես Արեւմուտքի լրագրողներ։ Եվ այսպես չորս անցակետ զենքով մեզ վրա պահած ուղղակի մազապուրծ հասել ենք օդակայան։ Օդակայանը արդեն բանակի հսկողության տակ էր», - պատմեց Արման Բաբաջանյանը։

XS
SM
MD
LG