Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները համարժեք չեն արձագանքել երկրաշարժին


Իրանը նախ մերժել է օտար երկրների օգնությունն, ապա հայտնել, որ պատրաստ է այն ընդունել։

Անցած շաբաթ օրը` օգոստոսի 11-ին, Իրանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 306 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են մեծ թվով տներ։

Երկրաշարժի հզորությունը, ըստ մասնագետների, հասել է 6.6 մագնիտուդի, էպիկենտրոնում այն 9 բալլ է կազմել։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաեւ Հայաստանում` Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում եւ Գորիսում 4.5 բալլ, իսկ մայրաքաղաք Երեւանում` 3-4։

Հայաստանում մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, սակայն որոշ շրջաններում վնասվել են շինություններ եւ խուճապ է եղել։ Ագարակում, ըստ քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, բնակիչները, իհարկե, ահաբեկված էին, սակայն կյանքն աստիճանաբար մտնում է բնական հունի մեջ, մարդիկ վերադարձել են իրնեց տները։

«Ուժեղ խուճապ էր սկսվել քաղաքում, բայց լուրջ վնասներ, փլուզումներ չեն եղել։ Կոսմետիկ վերանորոգման կարիք կա որոշ տեղերում։ Մարզպետարանից վաղը հանձնաժողով է գալու` նախնական ուսումնասիրություններ անելու համար։ Դրանից հետո եզրակացություն կունենանք», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Մխիթար Զաքարյանը։

Մինչդեռ, հարեւան Իրանում արդեն կիրակի օրը իշխանությունները շտապել էին հայտարարել, թե փրկարարական աշխատանքներն ավարտվել են, եւ մարդիկ տարհանվել են տուժած շրջաններից։

Աղետի գոտում քննադատում են այդ կեցվածքը` ասելով, թե հաղորդագրության հրապարակման պահին փրկարարները ավերված որոշ բնակավայրեր նույնիսկ չէին այցելել։

«Ես այդ շրջանը լավ գիտեմ, այնտեղ կան գյուղեր, ուր մեքենայով էլ այդքան արագ չես հասնի, ուստի, նրանք չէին կարող այնտեղ աշխատել»,- «Ռոյթըրզ»-ի թղթակցին ասել է թավրիզցի մի բժիշկ, ով չի հայտնել իր անունը։

Շարքային իրանցիներին զայրացրել է նաեւ այն, որ չնայած երկրում տեղի ունեցած դժբախտությանը, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը արտասահման է մեկնել։

Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, ցավակցություն հայտնելուց զատ, նաեւ օգնություն են առաջարկել։

Նախագահ Սերժ Սարգսյանը Ահմադինեժադին հասցեագրած ուղերձում նշել է, որ այս ծանր պահին Հայաստանն Իրանի ժողովրդի հետ է եւ պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետեւանքների հաղթահարման համար։

Օգնություն է առաջարկել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Թեհրանը նախ հրաժարվել է արտասահմանյան օգնությունից, սակայն հետագայում ԻՌՆԱ լրատվական գործակալությունը վկայակոչել է փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիին, ով ասել է, թե Իրանը պատրաստ է ընդունել օգնությունը։

«Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ Ադրբեջանը 25 բեռնատար մեքենաներով մարդասիրական օգնություն է ուղարկել` վրաններ, վերմակներ, շաքար, ալյուր, ջուր եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր։

«Պանարմենիան» լրատվական գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 11-ի երկրաշարժից հայ համայնքը չի տուժել։ Այդ մասին ասել է Իրանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը։

Թավրիզի Ազգային առաջնորդարանի տվյալներով, հայերի ընտանիքները նյութական վնասներ չեն կրել: Դեսպանատան տեղեկություններով, մի քանի հայկական եկեղեցիներում վնասվել է ներսի հարդարանքը:

ԻՐԻԲ գործակալության փոխանցմամբ, Իրանի իշխանությունները խոստացել են 20 հազար տուն կառուցել աղետի գոտում։

Տավրիզից հյուսիս գտնվող Վարզաքան ավանում փրկարարներն այսօր փլատակներից տակից երկու մարդու են դուրս բերել։ Երկուսն էլ բարվոք վիճակում են։

Դժբախտաբար, այդպիսի բարի լուրեր էլ չկան, Վարզաքանում եւ այլ բնակավայրերում օրվա ընթացքում փրկարարները փլատակների տակ միայն դիակներ են գտել:
XS
SM
MD
LG