Մատչելիության հղումներ

Սիրիահայ աշակերտների կրթության կազմակերպումը Հայաստանում մի շարք խնդիրներ կառաջացնի


Սիրիայի Ազգային Գյուլբենկյան վարժարանի տնօրեն Մարալ Էլեջյան-Մանջիկյանը մտահոգ է, թե ինչպես են սկսելու ուսումնական տարին:

Սեպտեմբերի 16-ին սկսվելու է Սիրիայի բոլոր դպրոցներում պաշտոնապես մեկնարկելու է ուսումնական տարին, բայց կվերադառնա՞ն արդյոք հայերը Սիրիա, դեռ հստակ չէ.

«Նախ ես իբրեւ տնօրեն պիտի վերադառնամ, ընդունելություն ձեւակերպելու, դպրոցը պատրաստելու: Եթե ճանապարհներն անապահով են, չենք կարող հասնել դպրոց, պետք է սպասենք մեկ-երկու շաբաթ, տեսնենք, թե ինչպես է իրավիճակը փոխվելու», - ասաց նա:

Տնօրենի խոսքով, թե 3 տարեկանների, թե առաջին դասարանցի աշակերտների ընդունելության հայտեր ունեն, որոնք օրենքի համաձայն ընդունվում են ապրիլ-մայիս ամիսներին: Սակայն, կապված ներկա իրավիճակի հետ, 25 աշակերտներ իրենց հայտերը տեղափոխել են վարժարանից՝ 15-ը այս տարվանից սովորելու են Հայաստանի, 10-ը` այլ երկրների դպրոցներում:

«Մնացյալը տեղում են՝ 550 աշակերտ: Ներկայումս Սիրիայում մոտ 5000 հայ աշակերտ կա եւ 24 հայկական դպրոց», - նշեց Մարալ Էլեջյան-Մանջիկյանը:

Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով Կրթության եւ գիտության նախարարի հանձնարարականով Երեւանում 3 ավագ դպրոց է առանձնացվել: Նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ փոխանցել էր. - «Մենք առաջարկում ենք, որ սիրիահայեր երեխաները հենց այդ ավագ դպրոցներում տեղավորվեն, եւ եթե շատ երեխաներ գան այդ դպրոցներ, կարող ենք նրանց բաժանել հոսքերի»:

ԿԳՆ-ում նաեւ քննարկում են այն տարբերակը, որ եթե Հայաստան գան նաեւ սիրիահայ ուսուցիչները, ապա նրանց եւս պետք է ներգրավել ուսուցման գործընթացում:

Սակայն Մարալ Էլեջյան-Մանջիկյանը եւ Լիբանանի Բեյրութ քաղաքի հայկական ճեմարաններից մեկի տնօրեն Տիգրան Ճինպաշյանը նշեցին, որ այդ դեպքում մի շարք խնդիրներ են առաջ գալիս:

«Արեւելահայերենի-արեւմտահայերենի խնդիր կա, ծրագրերը շատ են տարբերվում իրարից, դասերի մեծամասնությունը արաբերենով է, հայերենով միայն կրոն, հայոց պատմություն եւ հայոց լեզու առարկաներն են դասավանդվում: Հայաստանում այդ երեխաների ուսումնառությունը ոչ թե անկարելի է ստեղծել, այլ դա կազմակերպական հսկայական ճիգ է պահանջում եւ նաեւ ուսուցիչների նախապատրաստում: Այդ տեսակ գործերը այսպիսի կարճ ժամանակում անհնար է իրականացնել», - ասաց Տիգրան Ճինպաշյանը:

Նրա խոսքով, եթե անհրաժեշտ լինի, որ սիրիահայ աշակերտների ուսումը Սիրիայից դուրս կազմակերպվի, ապա տրամաբանական լուծումը Բեյրութն է, քանի որ «ուսումնական դրությունը սիրիականին բավականին մոտ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG