Մատչելիության հղումներ

logo-print

Ջավախքի հայկական ՀԿ-ները Ազնավուրին կոչ են անում հրաժարվել Ախալցխայում կայանալիք համերգից


Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը այսօր հայտարարություն է տարածել, որում հայտնի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին կոչ է անում հրաժարվել Ախալցխայի բերդի վերաբացման կապակցությամբ կայանալիք համերգից եւ փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:

«Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը եւ դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաեւ Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարեւանությամբ գտնվող վայրում: Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգեւոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը», - ասված է հայտարարությունում:

Հայտարարությունը տարածած կազմակերպությունները այդ միջոցառումը գնահատում են որպես ջավախահայության նկատմամբ «թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին` հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից եւ իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից»:

Նախօրեին Ազնավուրին ուղղված նմանատիպ կոչ էր հնչեցրել նաեւ «Սարդարապատ» շարժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG