Մատչելիության հղումներ

Լրանում է Պուտինի պաշտոնավարման հարյուր օրը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Այսօր լրանում է Պուտինի երրորդ նախագահության հարյուր օրը:

Փորձագետները ամփոփում են այս ժամանակաշրջանում Պուտինի նախագահության արդյունքները, եւ հիմնական հարցն է` արդյո՞ք Պուտինը կարողացել է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որ սկսվել էր Ռուսաստանում անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի բնակչության մի զգալի հատվածը չի ընդունում ոչ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, ոչ էլ Պուտինին:

Քաղաքագետները նկատում են, որ ընդհանուր առմամբ Պուտինը կարողացել է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, սակայն չեն բացառում, որ այս աշնանը բողոքի շարժումը նորից թափ կառնի Ռուսաստանում, քանի որ բնակչության 1/3-ը միջին խավն է, որ չի ուզում ապրել ներկայիս պայմաններում եւ քաղաքական բարեփոխումներ է պահանջում: Մյուս կողմից ռուսական տնտեսության լճացումը չի կարող երկար շարունակվել, քանի որ կարող է աղետալի արդյունքների հանգեցնել, եթե հատկապես նավթի գինը միջազգային շուկայում նորից նվազի:

«Ռիա Նովոստի» գործակալության անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ փորձագետները տարակարծիք են Պուտինի քաղաքականությունը վերլուծելիս: Այսպես, Հումանիտար եւ քաղաքական հարցերի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Սլատինովը նկատում է, որ ընդհանուր առմամբ արդարացել են այն քաղաքագետների սպասումները, ովքեր պնդում էին, թե Պուտինի վերադարձը կնշանակի նախկին նախագահ Մեդվեդեւի լիբերալ նախաձեռնությունների ավարտը եւ վերադարձ դեպի կոշտ քաղաքականություն:

Նույն կարծիքն ունի նաեւ փորձագետ Պավել Սմատրեննիկովը, ով նկատում է, որ որոշ առումով ժողովրդավարության նահանջ տեղի է ունեցել այս հարյուր օրվա ընթացքում, եւ ընդդիմադիր շարժման ակտիվիստների ձերբակալություններն հենց այս մասին են վկայում:

Իսկ Քաղաքական տեղեկատվությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ իրավիճակը դեռ տեղավորվում է լիբերալ շրջանակների մեջ, եւ սպասումները, որ Պուտինը կգա եւ կսկսի լուրջ փոփոխություններ դեպի տոտալիտարիզմ, չեն արդարացել:

Սլատինովը նկատում է, որ իրականում Ռուսաստանի բնակության 25 տոկոսը չի ընդունում իշխանություններին Պուտինի գլխավորությամբ, եւ սա ակտիվ զանգվածն է, որը շարունակելու է լուրջ քաղաքական բարեփոխումներ պահանջել:

Սակայն փորձագետներն այսօր ավելի հաճախ ահազանգում են Ռուսաստանի տնտեսական մոդելի չկայանալու մասին, եւ գրեթե բոլորը համոզված են, որ այս իրավիճակը հնարավոր կլինի շտկել միայն լուրջ համակարգային փոփոխությունների շնորհիվ: Նրանք կարծում են, որ այս կերպ Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի կարող զարգանալ, այլ շատ լուրջ սոցիալական բախումներ տեղի կունենան, եթե բնակչության զգալի մասը շարունակի աղքատանալ, իսկ շատ ավելի փոքր հատվածը միեւնույն ժամանակ շարունակի հարստանալ այնպես, ինչպես հարստանում էր մինչ այսօր:

Ինչպես վկայում էր վերջին հարցումը, որ անցկացրել է «Լեւադա» կենտրոնը Ռուսաստանի բնակչության մեծ մասը Պուտինին ընկալում է որպես մի նախագահի, ով առաջ է տանում բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG