Մատչելիության հղումներ

logo-print

Քրեական հետապնդումը դադարեցնելը «օբյեկտիվության շղարշ» ստեղծելու միտում ունի


Կարապի լճի միջադեպի հետո բերման ենթարկված ՀԱԿ յոթ ակտիվիստները, 9 օգոստոսի, 2011

Կարապի լճի միջադեպի հետո բերման ենթարկված ՀԱԿ յոթ ակտիվիստները, 9 օգոստոսի, 2011

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երեք ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանն ու Սահակ Մուրադյանը բողոքում են իրենց հանդեպ հարուցված քրեական գործի կարճման հիմքերի դեմ:

Կարապի լճի շրջակայքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) յոթ ակտիվիստներից երեքի նկատմամբ քրեական հետապնդումը վերջերս դադարեցվեց: Սակայն նույն միջադեպի առնչությամբ քրեական գործից անջատված մասով մյուս ակտիվիստները` Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին ազատազրկման համապատասխանաբար 6, 3 եւ 2-ական տարի ժամկետներով: Ակտիվիստները, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, արդարացի չեն համարում նման որոշումը:

Նրանց խոսքով` նախորդ տարվա օգոստոսին 9-ի միջադեպի հետեւանքով յոթ ակտիվիստների հանդեպ հարուցված քրեական գործերը յուրաքանչյուրի դեպքում էլ նույն հիմքերն ունեն: Բոլորի դեպքում էլ ապացույցները բացակայում են, ինչո՞ւ են յոթից չորսին դատապարտել 2-6 տարի ազատազրկման, իսկ երեքի գործերը կարճել, հարցնում են նրանք:

«Սա իրենց նորմալ գործելաոճին է. ինչ-որ օբյեկտիվության շղարշ ստեղծելու միտում ունի թե այս կարճումը, թե դրանից առաջ գործի առանձնացումը: Իրենք ուզում են ցույց տալ, որ նայեք, կան դատապարտվածներ, կան ազատազրկվածներ եւ նրանց կողքին նույն գործով արդարացվածներ, այսինքն մենք օբյեկտիվ ենք: Բայց կատարելով մեր պահանջներից ամենաանշառը, ուզում են կատարելու [տպավորություն] ստեղծել: Իրականում ծիծաղելի վիճակի մեջ են հայտնվում, որովհետեւ այն ապացույցները, որ կային չորս տղաների վրա, նույն ապացույցները` իհարկե, շինծու, կան նաեւ մեր վրա: Այս կարճումը ինքն իրենով հերթական ապօրինի քայլն է դառնում, ոչ թե արդարացի ինչ-որ որոշում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:

Ակտիվիստները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են բոլոր ապացույցները, որոնք, ըստ իրենց, խոսում են այն մասին, որ իրենք մյուս չորսից պակաս անմեղ կամ մեղավոր չպետք է լինեին:

Երիտասարդները պնդում են, որ իրենց յոթի նկատմամբ կիրառվող տարբեր պատժամիջոցները վկայում են քրեական գործի շինծու լինելու մասին:

«Էս գործով ընդհանրապես մենք պետք է լինեինք տուժողներ, ոստիկանությունը պետք է նստած լիներ մեղադրյալի աթոռին: Մենք պատրաստվում ենք բողոքարկել կարճման որոշումը, քանի որ մեր գործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով: Մենք պահանջում ենք այն կարճել հանցակազմի բացակայության հիմքով, եւ կրկին պահանջում ենք անհապաղ արդարացնել մեր ընկերներին եւ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, որը արդեն մեկ տարի է գտնվում է բանտում», - ասաց Արեգ Գեւորգյանը:

Տիգրան Առաքելյանը անցած տարվանից անազատության մեջ է. մյուս երեք ակտիվիստները արգելանքի կվերցվեն բողոքարկման գործընթացի ավարտից հետո, եթե վերադաս դատական ատյանները չբեկանեն առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG