Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Ավստրալիա


Օգոստոսի 12-13-ը տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրալիա: Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Օգոստոսի 13-ին Կանբերայում կայացել է Նալբանդյանի եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարի բանակցությունները: Նախարարները ստորագրել են հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը՝ «ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի միջեւ խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիրը»:

Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Սլիպերի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության միջխորհրդարանական ձեւաչափի խթանման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է նաեւ Ավստրալիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ: Խմբի նախագահ Ջոֆ Լիոնսին եւ փոխնախագահ Ջոն Հոքեին ներկայացրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով իրենց գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բարեկամական խմբի աշխատանքները:

Հայաստանի արտգործանախարարը հանդիպում է ունեցել նաեւ ավստրալահայ համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ պատասխանել ներկաների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG