Մատչելիության հղումներ

Վարհավարում երկրաշարժից տներ են փլվել


Վարհավար գյուղում երկրաշարժից վնասված տներից մեկը:
Վարհավար գյուղում երկրաշարժից վնասված տներից մեկը:
Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում կան վնասված տներ։ Այս տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցում են տեղացիները։ Փլուզումներ կան, մասնավորապես, Վարհավար գյուղում։

Ագարակի բնակիչ Լաուրա Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց տան պատերի վրա ճաքեր կան։ Ընտանիքի անդամները ապահով տեղ գտնելու հույսով տեղափոխվել են Վարհավար գյուղ, որտեղ նրանք առանձնատուն ունեն։ Լաուրա Մարտիրոսյանն ասաց, որ Վարհավարում գտնվող իրենց տան պատերը նույնպես ճաքել են. - «Երեխաները Վարհավարում են…Էդ տան պատերի վրա երկրաշարժից բավականին մեծ ճաքեր կան, կողքի տունն է փլվել, ավերածություններ են եղել։ Վարհավար գյուղում Արսեն Առաքելյանի տունն է փլվել, Սուրբիկ Սամվելյանի տան պատն է միանգամից փլվել»։

Բարեբախտաբար փլված տների բնակիչները վնասվածքներ չեն ստացել։ Նրանք այդ պահին տանը չեն եղել։

Վարհավարից «Ազատություն» ռադիոկայանին հայտնում են, որ մարդիկ արդեն երրորդ օրն են անցկացրել դաշտում, անտառում։

Փոքրիկ երեխաներ ունեցողներն անհանգստացած են: «Մեր երեխաները ավտոտնակի մեջ են. վախենում են տուն մտնել։ Սարսափահար վիճակում են», - պատմեց Լաուրա Մարտիրոսյանը։

Ագարակցիները պատմում են, որ անցած երկու օրերն ու գիշերներն անցկացրել են մարզադաշտում։ Մեր զրուցակիցներն ասում են, թե տանը մնալը վտանգավոր է:

«Հիմնականում գյուղերում են բնակվում մարդիկ, բարձրահարկ շենքերից հեռու», -պատմեց 25-ամյա Վահեն։

Կապանում նույնպես մարդիկ անհանգստացած են։ Նրանց բնակարանների պատերին եւս երկրաշարժից ճաքեր են առաջացել։ Երկու անփաչահաս երեխա ունեցող Կարինեն ասաց. - «Անցած գիշեր մինչեւ ժամը 6-ը դրսում էինք։ Մարդիկ ավտոտնակներում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG