Մատչելիության հղումներ

logo-print
Մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ արդյունքով Հայաստանի օլիմպիական ընտրանին մեդալների ընդհանուր հաշվարկային աղյուսակում զբաղեցրեց 60-րդ տեղը: Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը 20 հորիզոնականով բարելավեց Հայաստանի դիրքերը նախորդ` Պեկինի օլիմպիադայի համեմատությամբ, որտեղ, հիշեցնենք, հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալ:

Հայաստանցի վերջին օլիմպիականը, մի շարք մարզական մեկնաբանների գնահատականներով, օլիմպիադայի վերջին օրը մրցասպարեզից դուրս մնաց մրցավարական սխալի հետեւանքով. ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանի հաշվին պարտությունը գրանցվեց քառորդ եզրափակիչում, երբ մարզիկը արդեն բավական մոտ էր մեդալին:

Մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ մարզիկները «որակական աճ» են գրանցել. - «Հենց միայն այն, որ հայերը Լոնդոնում արդեն ունեն մեկ արծաթե մեդալ, որակական առումով դա կարելի է համարել առաջընթաց քայլ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության վարչության պետ Յուրի Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «անհիմն» որակեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող քննադատությանը` նշելով, որ մարզաձեւերի համար պատասխանատու են ազգային ֆեդերացիաները, իսկ Ծառուկյանին «պարզապես այն մարդն է, այն գործարարը, բարեգործը, որ անընդհատ նեցուկ է կանգնել սպորտին»:

Ինչեւէ, Հայաստանը այս անգամ կրկին տարածաշրջանի հետնապահն է. եթե հայ մարզիկները կարողացան Հայաստանի համար ապահովել 60-րդ հորիզոնականը, ապա Ադրբեջանի օլիմպիական թիմը աղյուսակի 30-րդ տեղում է` հաշվեկշռում ունենալով երկուական ոսկե ու արծաթե մեդալներ եւ վեց բրոնզե մեդալ: Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ Հայաստանի օլիմպիական թիմը բաղկացած էր 25, իսկ Ադրբեջանինը` 50 մարզիկներից:

Հայաստանի մյուս հարեւանը` Վրաստանը մեկ ոսկե եւ երեքական արծաթե ու բրոնզե մեդալ արդյունքով հայտնվել է հաշվարկային աղյուսակի 39-րդ տեղում:

30-րդ օլիմպիական խաղերի վստահ առաջատարը ԱՄՆ-ի օլիմպիական ընտրանին է, որը զգալիորեն առաջ անցավ ֆավորիտ համարվող Չինաստանի օլիմպիական թիմից. ամերիկացի մարզիկները 46, իսկ չինացիները 38 ոսկե մեդալ նվաճեցին, օլիմպիադան հյուրընկալող Մեծ Բրիտանիայի թիմը 29-ը չեմպիոններով երրորդ հորիզոնականում ավարտեց խաղերը:

Նախորդ Օլիմպիադայի արդյունքը գերազանցելուն բավական մոտ էր Ռուսաստանի օլիմպիական թիմը. ռուս մարզիկներին, սակայն, չբավականցրեց 5 ոսկե մեդալ, եւ հավաքականը կրկին զբաղեցրեց չորրորդ տեղը:

Հետխորհրդային երկրներից այս օլիմպիադային ամենամեծ անակնկալը մատուցեցին ղազախ մարզիկները` նվաճելով 7 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ` հաստատվելով աղյուսակի բավական բարձր` 12-րդ տեղում:

XS
SM
MD
LG