Մատչելիության հղումներ

Հայրապետյանը «առնվազն տեղյակ է եղել»


Հուլիսի 8-ի բողոքի ակցիան Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ

Հուլիսի 8-ի բողոքի ակցիան Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ

Ծանոթանալով «Հարսնաքար»-ի գործի նյութերին` Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պնդում են` դրանցից ակնհայտ է դառնում, որ հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը միջադեպի ժամանակ առնվազն տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում ռեստորանում, ու «գուցե նաեւ ծեծը կատարվել է նրա անմիջական ցուցումով»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեցին Վահե Ավետյանի իրավահաջորդի` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը:

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Տեղի ունեցածի առնչությամբ կալանավորվեցին վեց հոգի, որոնց բոլորին ներկայացված հիմնական մեղադրանքն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ նշեց, որ քրեական գործով ներկայումս կալանավորված վեց հոգուց հինգը, ովքեր համարվում են «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցներ, միջադեպի օրը` հունիսի 17-ին, ամբողջ օրը ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին։

«Շատ հետաքրքիր հանգամանք է բացահայտվում գործի նյութերից։ Այնտեղ առկա են «Վիվասել» օպերատորի կողմից տրված հեռախոսահամարների վերծանումները մեղադրյալների, եւ գործի նյութերում առկա է նաեւ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքը, ու նա ասում է, որ ինքը այդ օրը եղել է Սեւանում եւ երեկոյան ժամը 7-ի մոտակայքում է եկել», - ասաց փաստաբանը` շարունակելով. - «Ուրեմն, շատ հետաքրքրական է, որ բոլոր հինգ մեղադրյալները, բացի մատուցողից, ըստ օպերատորի ալեհավաքի տվյալների` այդ օրը ուղեկցել են նրան Սեւան եւ նրանք բոլորը եղել են Ռուբեն Հայրապետյանի հետ միասին»։

Հակոբյանը հարց բարձրացրեց` եթե նշված հինգ անձինք «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցներն էին, ինչո՞ւ էին ամբողջ օրը ուղեկցում հանրապետական պատգամավորին` Սեւանում ու Երեւանում: Բացի այդ, ըստ փաստաբանի, նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ օրվա մնացած մասն էլ, որի ժամանակ հենց տեղի է ունեցել միջադեպը «Հարսնաքար»-ում, Ռուբեն Հայրապետյանն ու նշված հինգը դարձյալ միասին են եղել:

Այն մասին, որ այդ հինգ անձինք իրականում «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցներ չեն, ըստ Լուսինե Հակոբյանի, վկայում են նաեւ հետեւյալ հանգամանքները. - «Գործի նյութերից մենք տեղեկանում ենք, որ առկա են գործում աշխատանքային պայմանագրեր` կնքված «Հարսնաքար»-ի տնօրենի եւ, բացի մատուցողից, մնացած հինգ մեղադրյալների հետ։ Սակայն ակնհայտ է, որ այդ պայմանագրերը կեղծ են եւ կազմված են հետին թվով, եւ դրանց տակ դրված այդ մեղադրյալների ստորագրությունները կեղծված են։ Այդ պահով մենք միջնորդել ենք, որպեսզի քննչական մարմինը անպայման որոշում ընդունի դատաձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ»։

«Այնուհետեւ, կան իրարամերժ ցուցմունքներ եւ հայտարարություններ նույն այդ մեղադրյալների կողմից», - շարունակեց փաստաբանը` մանրամասնելով. - «Օրինակ, մեղադրյալ Նորայր Հայրապետյանը հայտարարում է, որ ինքը ոչ մի տեղ չի աշխատում, սակայն գործում առկա է պայմանագիր` կնքված իր եւ «Հարսնաքար»-ի տնօրենի միջեւ, եւ առկա է նաեւ դատարանի որոշում, որտեղ ինքը հայտարարում է, որ ինքը աշխատում է Ֆուտբոլի ակադեմիայում»։ [Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ռուբեն Հայրապետյանն է]:

«Արման Խաչատրյանը, նույն կերպ նաեւ, ուրեմն, մատուցողը իր ցուցմունքում ճանաչում է` ասելով, որ դա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է` Արման Խաչատրյանը, նույն Արման Խաչատրյանն անում է իրարամերժ հայտարարություններ` մի տեղ հայտարարում է, որ չի աշխատում, մի տեղ հայտարարում է, որ աշխատում է ինչ-որ մի «Էլմիր» ՍՊԸ-ում», - ասաց Հակոբյանը։

Փաստաբանը շարունակեց` գործի նութերից իրենք տեղեկացել են նաեւ, որ մեղադրյալներից Նորայր Հայրապետյանը ցուցմունք է տվել, թե միջադեպի պահից մի քանի րոպե առաջ իրենք` անվտանգության մի քանի աշխատակիցներով, Ֆուտբոլի ակադեմիայից, որի շենքը գտնվում է «Հարսնաքար» ռեստորանի հարեւանությամբ, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով եկել են «Հարսնաքար»:

«Իսկ Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել, որ այդ ժամանակ ինքը եղել է հենց Ֆուտբոլի ակադեմիայում եւ դիտել է Հոլանդիա - Պորտուգալիա [ֆուտբոլային] խաղը», - ընդգծեց Լուսինե Հակոբյանը` պարզաբանելով. - «Այսինքն, մենք գտնում ենք, որ հնարավոր չէր, որպեսզի այդ անվտանգության աշխատակիցները, որոնք ամբողջ օրը ուղեկցել են նրան, առանց իր գիտության հայտնվեին այնուհետեւ «Հարսնաքար» ռեստորանում։ Եվ շատ զարմանալի է, որ քննչական մարմինը ընդհանրապես չի հարցաքննել Ռուբեն Հայրապետյանին եւ չի տվել այն հարցը, թե այդ հինգ մեղադրյալները այդ օրը ի՞նչ հանգամանքներում, եւ ինչպե՞ս է պատահել, որ նրան ուղեկցել են Սեւան եւ հետ են եկել, եւ ինքը այնուհետեւ տեղյակ չի դեպքի մանրամասներին»։

«Դուք գտնո՞ւմ եք, որ Ռուբեն Հայրապետյանը հրահանգ է տվել իր անվտանգության աշխատակիցներին, իր թիկնազորի անդամներին` գնան «Հարսնաքար» եւ ...», - այս հարցին Հակոբյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը առնվազն տեղյակ է եղել, եւ գուցեեւ, այո, այդ դեպքը, ծեծը կատարվել է նրա անմիջական ցուցումով` չի բացառվում։ Համենայն դեպս, այն փաստը, որ քննչական մարմինը այս հարցերի կապակցությամբ ո՛չ իրեն, ո՛չ մյուս մեղադրյալներին, ո՛չ էլ որեւէ այլ անձի չի հարցաքննել, մեզ կասկածելու շատ տեղ է թողնում»։

Չնայած այսօր աշխատանքային օր չէր, սակայն «Ազատություն» ռադիոկայանը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ Ոստիկանությունից. փորձերը ապարդյուն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG