Մատչելիության հղումներ

Օգոստոսի 11-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Բալասանյան, թե Ղուկասյան ինտրիգը կարծես թե դուրս է գալիս օրակարգից, եւ Գյումրին մնում է Սամվել Բալասանյանին։ Բայց արդյոք ինտրիգն իսկապես մեռա՞վ, թե՞ այն նոր է սկսվում, երբ պարզ չէ, թե չառաջադրված Վարդան Ղուկասյանն իրականում ինչպիսի դերակատարում է ունենալու քաղաքապետի ընտրություններում։ Շատ հետաքրքիր է, թե ում համար է Ղուկասյանն աշխատեցնելու Գյումրիի իր ռեսուրսը։ Իսկ նա ռեսուրս ունի` քրեական, ֆինանսական եւ նույնիսկ հասարակական։ Ընդ որում` այդ ռեսուրսը բավական է, որպեսզի ծանրացնի կշեռքի այս կամ այն նժարը։ Եվ հիմա հարց է, թե որ նժարի վրա է հայտնվելու Վարդանիկի ռեսուրսը Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։ Վերջին հաշվով, Վարդան Ղուկասյանն իրականում պարզապես դուրս է գալիս, այսպես ասած, թիրախի տակից եւ սրանով նա, ըստ էության, կարող է որոշակիորեն ավելի անկաշկանդ աշխատել, քան այն ժամանակ, երբ լիներ թեկնածու։ Խոշոր հաշվով, իհարկե, դժվար է ասել, որ Ղուկասյանը կարող է խանգարել Սամվել Բալասանյանին դառնալու քաղաքապետ, հատկապես` երբ նրան սատարում է ՀՀԿ-ն։ Սակայն այստեղ կարծես թե շատ նուրբ իրավիճակ է, եւ ամենեւին պարզ չէ, թե ՀՀԿ-ն ինչ ծուղակներ է պատրաստել ԲՀԿ-ի համար Գյումրիում եւ այդ գործում ինչ դեր է վերապահել Վարդան Ղուկասյանին»։

«Արտագաղթի ուժգնացմանը զուգահեռ, մեզանում ավելի ու ավելի է սրվում կադրերի, մարդկային ռեսուրսի դեֆիցիտը։ Այդ դեֆիցիտն առկա է բոլոր բնագավառներում` կառավարման բարձրորակ մասնագետներից սկսած, վերջացրած պրոֆեսիոնալ լրագրողներով», - գրում է «Հրապարակ»-ն ու կենտրոնանում «քաղաքական գործիչների դեֆիցիտի» վրա. - «Թվում է` ինչն է շատ մեր կյանքում. կուսակցություններն ու քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչները, ովքեր ուղղակի զզվեցրել են մարդկանց։ Սակայն իրականում, երբ ուշադիր զննում ես, պարզվում է` շատ աղքատիկ է մեր քաղաքական կյանքը։ Ներկապնակի մի քանի խունացած երանգից բացի ոչինչ չկա։ Ո՞վ կարող է ժխտել, որ այսօր մեր քաղաքական դաշտում ուժեղ, հստակ կողմնորոշմամբ, խիզախ ընդդիմության պակաս կա։ Մի կողմից` մեր ավանդական կասկածամտությունն ու բոլորի ետեւում տարբեր «ականջներ» փնտրելու սովորույթը, մյուս կողմում` քաղաքական բոլոր ուժերի երկակի խաղերն ու ոչ հստակ դիրքորոշումը ամայացրին ընդդիմադիր դաշտը։ Դաշտը բաց է նոր, ուժեղ, միաձույլ ընդդիմության համար։ Եթե պահը ճիշտ որսան եւ քայլերի հաջորդականությունը ճշգրիտ հաշվարկեն, եթե չխաբեն հասարակությանը եւ «համ իշխանության, համ ընդդիմության» խաղեր չտան, ապա նոր մարդկանց փոքրիկ խումը կարող է այսօր զբաղեցնել այդ դաշտը եւ իր ետեւից տանել բողոքական մասսային»։

Նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չափազանցված է համարում այն մոտեցումը, որ Եվրասիական միությանը անդամակցել-չանդամակցելու հարցում Հայաստանը երկընտրանքի առջեւ է։ «Առավոտ»-ի հետ զրույցում նա նշում է. - «Ի՞նչ է իրենց ներկայացնում Եվրասիական միությունը, որի մասին խոսում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարները` դեռ որեւէ մեկին հայտնի չէ։ Դա կոնֆեդերացիա՞ է լինելու, թե՞ այլ կառույց... Թեպետ ակնարկվում է, որ այն շատ նման պետք է լինի Եվրամիությանը` իր քաղաքական եւ տնտեսական բովանդակությամբ, բայց այդ բոլոր հարցերում դեռ անորոշություն կա»։ Հարությունյանը վկայակոչում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը հռչակել է գերակա ուղղություն Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականությունը եւ հետամուտ է լինում այդ քաղաքականությանը, քանի որ Հայաստանի ժողովրդի հիմնական խնդիրն է վերադառնալ իր արժեհամակարգով այն պատմական բնօրրանը, որտեղից ինքը սկսել է։ Հետեւաբար, գոնե տեսանելի ապագայում, Խոսրով Հարությունյանը «Առավոտ»-ի հետ զրույցում Հայաստանի համար խնդիր է համարում Եվրամիության հետ ինտեգրվելու, սերտ համագործակցելու ճանապարհով կյանքը որակապես այլ մակարդակ բարձրացնելը։

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG