Մատչելիության հղումներ

Աղաբաբյանն իրեն օլիգարխ չի համարում


Ֆեյսբուքյան ասուլիս. Աշոտ Աղաբաբյան
please wait

No media source currently available

0:00 0:50:42 0:00
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հայտարարեց, որ ինքը միայն պատգամավոր է՝ բիզնեսով չի զբաղվում եւ ոչ էլ իրեն օլիգարխ է համարում։ Իսկ թե ո՞ւմ է համարում օլիգարխ՝ Աշոտ Աղաբաբյանը հրաժարվեց պատասխանել։

Ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերի հարցերին, պատգամավորը, մասնավորապես, ասաց․ - «Ես բիզնեսով չեմ զբաղվում։ Ունեմ բիզնեսներ, որտեղ ունեմ իմ դեվիդենտները։ Իսկ բիզնեսով զբաղվում են համապատասխան մասնագետները, որոնք այսօր ղեկավարում են «Հրազդան» մարզադաշտը եւ մնացած բոլոր բիզնեսները»։

Հարցին, թե ո՞րն է իր՝ պատգամավոր ընտրվելու նպատակը, Աշոտ Աղաբաբյանը նույնպես հրաժարվեց պատասխանել։ Փոխարենը՝ ՀՀԿ-ական պատգամավորը մանրամասն ներկայացրեց, թե որտեղից է գալիս իր մականունը՝ «Բուռնաշ»։

«Իմը մականուն չէ։ Պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք ռադիոհաղորդիչներ։ Այդտեղ ունեցել ենք ծածկանուններ, որ թշնամին՝ դուք գիտեք, ադրբեջանցիք շատերը հայերեն իմացել են, եւ մենք անուններով չենք խոսել իրար հետ, ծածկանուններ ենք ունեցել։ Այնպես որ ես չեմ էլ խորշում, որ իմ ծածկանունը Բուռնաշ է», - պարզաբանեց Աշոտ Աղաբաբյանը։ - «Ժամանակին, որ ավելի ջահել էի, մազերս մի քիչ ավելի շատ էր եւ գանգուր, ընդամենը Եֆիմ Կոպելյանին նման էի, եւ տղաները, նմանեցնելով, ասացին՝ քո ծածկանունը բեր Բուռնաշ դնենք»։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, անդրադառնալով Աշոտ Աղաբաբյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, թե ինքը կմիջնորդի, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չդնի, պատգամավորին հետեւյալ հարցն էր ուղղել․ - «Ձեր վերջին հարցազրույցի համար Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնե՞լ է»։

Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց․ - «Դատական համակարգը մինչեւ որոշում չկայացնի, թե ովքեր են մեղավորները, ես դեմ եմ, որ նա իր մանդատը ցած դնի։ Որովհետեւ իրեն ժողովուրդն է ընտրել, ինքը մեծամասնականով է ընտրվել։ Ինքը կարող է ուզենա, բայց այդ ժողովուրդը կուզի՞։ Դրա համար այդ ժողովուրդն էլ է սպասում հենց նրան, թե դատական պրոցեսից հետո ինչ կլինի»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Աշոտ Աղաբաբյանն ավելի վաղ տված իր հարցազրույցում Վահե Ավետյանի հիշատակի մոմավառության մասնակիցներին անվանել տականք, ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց, որ երբեւէ նման բան է ասել․ - «Մոմավառության մասնակիցները տականք չեն։ Նրանք շատ լավ մարդիկ են, որոնք հարգում են տուժված բժշկին։ Ես տականքներ ասել եմ նրանց կազմակերպիչների մասին, որոնք օգտագործում են այդ ամեն ինչը իրենց շահերից ելնելով»։

Որպես թեմայի շարունակություն, պատգամավորը նաեւ նշեց, որ գենետիկայից զուրկ է համարում բոլոր հրահրող, խաղաղության արժեքը չգիտակցողներին։

«Այն մարդը, որը իր կյանքում չի կարողանում գիտակցել, որ երկրի խաղաղությունը դա իր հոգու խաղաղությունն է եւ ամեն ինչ անում է, որ խառնաշփոթներ ստեղծի, ես այդ մարդկանց եմ համարում գենետիկայից հեռու մարդիկ», - հայտարարեց Աշոտ Աղաբաբյանը․ - «․․․չեղած տեղից ինչ-որ բան ստեղծել, ժողովրդին ոտի հանել, առանց հիմնավորելու փաստերը․․․ թող հիմնավորեն, նոր այդ քայլերին գնան։ Եթե ինքը մասնագիտությամբ հրահրող է, ինքը ի՞նչ կապ ունի հայ ժողովրդի հետ»։

Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հարցրել էր՝ «Պարոն Աղաբաբյան, դուք եղե՞լ եք բուֆետչիկ»։

«Ես 9-10-րդ դասարանի արձակուրդներին Մետաքսի կոմբինատում բանվոր եմ աշխատել, օգնել եմ իմ ծնողներին, որոնք մանկավարժ են եղել», - արձագանքեց Աշոտ Աղաբաբյանը։

«Քանի՞ անգամ եք հաշվետվությամբ հանդես եկել ձեր ընտրողների առջեւ» հարցին էլ պատգամավորը պատասխանեց․ - «Ես այն մարդկանցից չեմ, որ հեռուստացույցով ինձ ռեկլամ անեմ, թե այս նախագիծը ես եմ արել, այ սա ես եմ ստեղծել։ Մենք կատարում ենք դա մեր թիմով եւ ֆրակցիայի նիստերի ժամանակ մենք բոլոր տեսակի քննարկումներն անում ենք, որը, բնականաբար, չի լուսաբանվում»։

Կար նաեւ այսպիսի հարց․ - «Եթե Սերժ Սարգսյանը ձեզանից պահանջի հրաժարվել մանդատից ու հեռանալ գործունեության ասպարեզից, կենթարկվե՞ք այդ հրահանգին»։

Աղաբաբյանը պատասխանեց․ - «Ավելացնեմ նաեւ, որ նա մեր գլխավոր հրամանատարն է, եւ եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելը իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։

Ի դեպ՝ Աշոտ Աղաբաբյանը հրաժարվեց պատասխանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերաբերող բոլոր հարցերին, նշելով միայն, որ քննադատել է իրեն դուր չեկող աշխատաոճը։

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG