Մատչելիության հղումներ

Սիրիայում ռազմական գործողությունները շարունակվում են


Հորդանան - Սիրիացի փախստականների ճամբար Մաֆրաք քաղաքում, 8-ը օգոստոսի, 2012թ.

Հորդանան - Սիրիացի փախստականների ճամբար Մաֆրաք քաղաքում, 8-ը օգոստոսի, 2012թ.

Սիրիայում պատերազմական գործողությունները կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ շարունակվում են, մարտերը ընթանում են Դամասկոսի ու Հալեպի շրջակայքում:

Իշխանությունները հայտնում են, որ ապստամբներին դուրս են մղել Դամասկոսից, բայց զինյալները շարունակում են հարձակումներ գործել քաղաքի արվարձանների վրա` ընտրելով արագ հարձակվելու ու նահանջելու մարտավարությունը:

Հալեպում եւս այսօր պայթյուններ ու հրաձգություն է լսվել: Ապստամբները նահանջել են Հալեպի հենակետից` Սալահեդին թաղամասից, բայց ասում են, թե շարունակում են դիմադրություն ցույց տալ կառավարական զորքերին:

Տասնյակ հազարավոր սիրիացիներ փախչում են երկրից: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ադրիան Էդվարդսը այսօր Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց, որ մոտավորապես 150 հազար մարդ հեռացել է Սիրիայից։

Սիրիային սահմանակից համարյա բոլոր երկրներում փախստականների վրանային ճամբարներ են կառուցված: 23 հազար իրաքցիներ փախել են Իրաք, որտեղից հեռացել էին, երբ իրենց երկրում պատերազմ էր:

50 հազարից ավելի սիրիացիներ փախել են Թուրքիա, միայն այս շաբաթվա ընթացքում` 6 հազար մարդ: 45 հազարից ավելի սիրիացի փախել է Հորդանան, գրեթե 37 հազարը՝ Լիբանան:

Էդվարդսը ասել է, որ ավելի հեռու երկրներ հեռացողներ կան, որոշ փախստականներ հասել են Ալժիր, Եգիպտոս, Հունաստան։

Միջազգային գործակալությունները այսօր հաղորդեցին, որ ձկնորսական մի նավով Իտալիա է հասել 157 մարդ, այդ թվում` 30 կին եւ 40 երեխա: 124-ը բռնություններից փախչող սիրիացիներ են, 30-ը աֆղանստանցի են, իսկ 3-ը՝ թուրք:

Արեւմուտքը օգնում է Սիրիայի ապստամբներին, իսկ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը պաշտպանում են Սիրիայի իշխանություններին:

Դիվանագիտական ասպարեզում, Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակում են Սիրիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող բոլոր բանաձեւերի ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Օրերս Սիրիայի պատվիրակությունը Մոսկվայում էր, նրանք ամուր տարադրամով վարկ ու վառելիք էին խնդրում Ռուսաստանից:

Այսօր Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնեց, որ 5 միլիոն ֆունտ ստերլինգ (7.8 միլիոն դոլար) է տրամադրում ապստամբներին` հաղորդակցության սարքավորումներ ու դեղորայք ձեռք բերելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերջերս հայտարարել էր, որ անհրաժեշտ է ավելացնել ապստամբներին հատկացվող հումանիտար օգնությունը:

Վաղը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելելու է Թուրքիա` այդ երկրի ղեկավարների հետ քննարկելու Սիրիայի իրավիճակը։ Նա հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարների հետ քննարկելու է, թե ինչպես աջակցել Սիրիայի ժողովրդավարական վերափոխմանը:

Europe Online Magazine-ը այսօր գրում է, որ դեռ պարզ չէ, թե ում հետ է հանդիպելու Քլինթոնը։ Եվրոպական պարբերականը ենթադրում է, որ հնարավոր է` Քլինթոնը հանդիպի նաեւ Սիրիայի ընդդիմության, ապստամբների ներկայացուցիչների հետ:

Աֆրիկյան շրջագայության ժամանակ` Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Քլինթոնը ասել էր, թե Սիրիայի ընդդիմությունը ավելի համակարգված ու էֆեկտիվ է դառնում:

«Ես կարծում եմ, մենք կարող ենք սկսել քննարկել, թե ինչ կլինի ռեժիմի տապալման հաջորդ օրը», - ասել էր ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի նախկին բանագնաց Քոֆի Անանին փոխարինող նոր թեկնածուի հարց է քննարկվում: Associated Press լրատվական գործակալությունը երեք թեկնածուի անուն է փոխանցում` Իսպանիայի նախկին արտգործնախարար Միգել Անխել Մորատինոս, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանա եւ Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմի:

Դիվանագիտական աղբյուրները AP-ին ասել են, որ Բրահիմին ավելի ուժեղ թեկնածու է։ Նա ՄԱԿ-ում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, բանագնաց է եղել Իրաքում եւ Աֆղանստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG