Մատչելիության հղումներ

Կգործի՞ արդյոք բնապահպանական հանձնաժողովը


Հուլիսի վերջին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովը կազմված է տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, իսկ նպատակը քաղաքի բնապահպանական խնդիրները քաղաքապետին ներկայացնելն է:

Բայց արդյո՞ք քաղաքապետը կլսի բնապահպանների խորհուրդները: Հանձնաժողովի նախագահ, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել միայն երկու օր առաջ, այնուամենայնիվ ինքը հավատում է, որ այն ինչ որ բան կփոխի քաղաքում:

Հանձնաժողովի աշխատանքները դեռեւս հստակ չեն: Ամեն ինչ դեռ մշակման փուլում է: Կարինե Դանիելյանի խոսքով, այսպես իրենք փորձում են համագործակցության միջոցով լուծել քաղաքի էկոլոգիական խնդիրները: Թեեւ չեն հավատում, որ քաղաքում ինչ-որ շինություն կքանդվի, բայց փոխարենը հույս ունեն, որ իրենց խորհուրդները կազդեն քաղաքաշինական հետագա ծրագրերի վրա:

Ի դեպ հանձնաժողովի 4 անդամներ կմասնակցեն քաղաքաշինական խորհրդի նիստերին, ինչն առավել արդյունավետ կդարձնի նրանց աշխատանքները:

Քաղաքացիական ակտիվիստ Գոռ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թերահավատորեն է մոտենում հանձնաժողովի աշխատանքներին եւ չի հավատում, որ այն որեւէ կերպ կփոխի ստեղծված իրավիճակը: Նրա կարծիքով, հանձնաժողով ստեղծելու իմաստը ընդամենը մեկն էր՝ այս ձեւով քաղաքապետարանը փորձում է քաղաքացիներին հավաստիացնել, թե զբաղվում է բնապահպանական խնդիրներով:

Հաշվի կառնվեն, թե ոչ բնապահպանների խորհուրդները, ցույց կտա ժամանակը: Կարինե Դանիելյանը պատմեց, որ երկու տարի առաջ ինքը անդամակցել է Երեւանի քաղաքաշինական խորհրդին, բայց որոշ ժամանակ հետո դուրս է եկել, քանի որ այնտեղ բնապահպանների խորհուրդները հաշվի չէին առնվում, հուսով է, որ այս դեպքում նույնը չի կրկնվի:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG