Մատչելիության հղումներ

logo-print
Ժամը 18-ին լրացավ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը, եւ Գյումրիի գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղուկասյանը այդպես էլ չառաջադրվեց:

Գյումրիում, մինչդեռ, համառ լուրեր էին շրջանառվում, թե Ղուկասյանը ժամը 17-ին առաջադրվելու համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Իր վերջին հարցազրույցում Ղուկասյանը ուղղակիորեն չէր պատասխանել առաջադրվել-չառաջադրվելու մասին հարցին` ասելով` «կապրենք-կտեսնենք»:

Գործող քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց. - «Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի առաջադրվել, եւ խնդրում եմ բառացի վերարտադրել իմ ասածը` նա ոչ թե հոգնել է աշխատանքից (նա ընդամենը 51 տարեկան է), այլ հոգնել է դավադրություններից, այդ թվում նաեւ` լրատվական դաշտի, որոնց, ցավոք, դուք ականջալուր եղաք եւ ականատես եղաք 13 տարի շարունակ»:

«Չնայած այն համգամանքին, որ բազմաթիվ գյումրեցիներ, հազարավոր գյումրեցիներ հորդորում էին առաջադրվել… տասնյակ հազարավորներ, այնուամենայնիվ, իմ ասածը, որ դավադրությունները շատ-շատ էին աշխատանքի ընթացքում, այդ թվում` հրահրված լրատվամիջոցների կողմից, խոսեց որոշման այն տարբերակի մասին, որի մասին նոր ասացի», - հավելեց Աղեկյանը` եզրափակելով. - «Քաղաքական որեւէ բանի մասին այս պահին չեմ ուզում խոսել: ժամանակը կգա` քաղաքապետը կասի»:

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են 5 թեկնածուներ՝ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանը («Բարգավաճ Հայաստան»), ում սատարելու է նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը` ՀՅԴ-ից, անկուսակցական, թոշակառու Սպարտակ Պետրոսյանը, ով խորհրդային տարիների եղել է Լենինականի Շիրակի շրջանի կուսկազմակերպության առաջին քարտուղարը, 34-ամյա գործարար Անդրանիկ Ավետիսյանը եւ գործազուրկ Ռաֆայել Ասատրյանը:

Ավագու անդամի 21 տեղի համար կպայքարեն 72 թեկնածուներ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG