Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը ՏԻՄ ընտրություններում ակտիվ չեն


Ընտրություններ Հայաստանում, արխիվային լուսանկար
Ընտրություններ Հայաստանում, արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, այս պահի դրությամբ, ակտիվորեն առաջադրվել են իշխող Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները եւ անկուսակցական ներկայացած անձինք։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը խիստ պասիվ են համայնքների ղեկավարների ընտրություններում։

Այսօր ժամը 18-ին ավարտվում է առաջադրումների ժամկետը: Այս պահի դրությամբ, երկրի 300-ից ավելի համայնքների ղեկավարների ընտրություններում առաջադրվել են 281 հանրապետականներ, 251 անկուսակցականներ, չորս տասնյակ թեկնածուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 16 դաշնակցականներ, 8 թեկնածուներ «Օրինաց երկիր» կուսակցությունից, 1-ը` Ազգային ժողովրդավարական միությունից։ «Բարգավաճ Հայաստան»-ը առավել ակտիվ է քաղաքապետների ընտրություններում եւ արդեն իսկ թեկնածուներ ունի Մասիսում, Գյումրիում եւ Սիսիանում:

Համայնքների ղեկավարների ընտրություններում, այս պահի դրությամբ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հարող միակ թեկնածուն Կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի եղբայրն է` Վարդան Մակեյանը, ով ինքնաառաջադրվել է Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղապետի պաշտոնի համար։

«Ժառանգություն»-ը առայժմ ընդհանրապես թեկնածու չունի։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս պասիվությունը, կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դեռ հնարավոր է` մեկ-երկու առաջադրումներ լինեն: Համապատասխան թեկնածությունների առաջադրումը կուսակցության տեղական կառույցներին է վերապահված, ասաց նա։

«Այս անգամ մեր տեղի կառույցները չեն ցանկանում», - ասաց Մարտիրոսյանը` հավելելով. - «Երեւի հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի այդ ապատիա վիճակը` չեն ցանկանում»։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ տեղեկացրեց, որ Կոնգրեսն էլ է առաջադրումները թողել տեղական կառույցների հայեցողությանը։

«Տեղական ինքնակառավարման ընտրությունները ընդհանրապես գտնվում են, փաստորեն` ամբողջությամբ, այդ ընտրակեղծարարության, ընտրակաշառառության, ահաբեկման դաշտում։ Ուրեմն, մենք պիտի բոլորս շատ սթափ մոտեցում ունենանք այդ ընտրությունների նկատմամբ, հասկանանք, որ իրականում այնտեղ կռիվ է գնալու փողով մարդկանց միջեւ», - ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Այդ է պատճառը, որ մենք, առաջին հերթին, որոշել ենք տեղական ինքնակառավարման ընտրությունների մասնակցության հարցը համարել մեր տեղական կառույցների նախաձեռնության հարց։ Այսինքն, մարդիկ, որոնք իսկապես տեսնում են ինչ-որ շանսեր իրենց համար` այս աղավաղված, այս ծուռ պատկերում, այդ արդեն իրենք պետք է գնահատեն եւ փորձեն պայքարել։ Իսկ Կոնգրեսը, բնականաբար, ինչով որ կարողանա` կաջակցի»։

«Այստեղ, ասեմ, ավելի մեծ շանսեր կան ավագանու ընտրությունների հետ կապված, քան թե, ասենք, համայնքապետերի, այդ պատճառով էլ շատ քիչ հավանական եմ համարում, որ որեւէ համայնքապետի հարցում մենք կունենանք առաջադրում։ Տեղական նախաձեռնությամբ բազմաթիվ տեղերում, այնուամենայնիվ, ավագանու ընտրություններին կմասնակցեն Կոնգրեսի ներկայացուցիչները», - նշեց ընդդիմադիր գործիչը։

Իսկ հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ իրենք սատարեն քաղաքապետի այլ թեկնածուների, այլ կուսակցությունների թեկնածուների, Լեւոն Զուրաբյանը արձագանքեց. - «Դրա համար պետք է կոնկրետ նպատակ ունենանք։ Մեր չափանիշը շատ պարզ է. որտեղ որ մենք կարող ենք թուլացնել ռեժիմի դիրքերը` մենք պատրաստ ենք դա անել, եթե նման հնարավորություն ստեղծվում է։ Կլինի` կդիտարկենք։ Այս պահին ոչ մի նման որոշում չունենք սատարելու մասին, որովհետեւ ըստ իրավիճակի կկողմնորոշվենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG