Մատչելիության հղումներ

logo-print
Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող WIN-Gallup-ն այսօր հրապարակել է Աշխարհում կրոնի եւ աթեիզմի ցուցիչը, ըստ որի Հայաստանն աշխարհում երրորդ, իսկ նախկին Խորհրդային Միության տարածքում ամենահավատացյալ երկիրն է:

Ուսումնասիրության հեղինակները հարցը ձեւակերպել են այսպես. «Անկախ նրանից հաճախում են աղոթավայրեր, թե ոչ, դուք հավատացյա՞լ եք»: Հարցման արդյունքներով, հայաստանցիների 92 տոկոսը հավատացյալ է, 3 տոկոսը` անհավատ, եւ 2 տոկոսը` աթեիստ:

Ամենահավատացյալ երկրների տասնյակում հիմնականում ցածր կենսամակարդակ ունեցող երկրներն են հայտնվել: Վերջին ուսումնասիրության համաձայն, օրինակ, հայաստանցիներից ավելի հավատացյալ են գանացիներն ու նիգերիացիները: Նվազ, բայց ամենահավատացյալ երկրների տասնյակում են Ֆիջին, Քենիան եւ Պերուն:

Իսկ ահա աթեիստների տասնյակում պատկերը հակառակն է. այստեղ հայտնվել են բարձր կենսամակարդակով` հիմնականում եվրոպական երկրները` Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Իռլանդիան:

Ամենաանհավատները, ըստ հրապարակված ցուցչի, չինացիներն են:

Հարեւան Վրաստանում հարցվածների 84 տոկոսն է հավատացյալ, ադրբեջանցիների` 44 տոկոսը: Աթեիստները Վրաստանում կազմում են բնակչության 1 տոկոսը, իսկ Ադրբեջանում, ըստ այս ուսումնասիրության, աթեիստներ չկան:

WIn-Gallup International-ի ուսումնասիրությունն անցկացվել է 5 մայրցամաքների 57 երկրների 50 հազար բնակիչների շրջանում: Ամենահավատացյալը ամենաաղքատ աֆրիկյան երկրների բնակիչներն են, ամենաանհավատները` ասիացիները:

Ընդհանրապես աշխարհի բնակչության 59 տոկոսը հավատացյալ է, 23 տոկոսը` անհավատ են եւ 13 տոկոսը` աթեիստ:

7 տարի առաջ նույն կազմակերպության անցկացրած հարցման արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում կրոնի ինդեքսն աշխարհում նվազել է, սակայն նվազման միտումն արձանագրվել է ոչ թե հավատքի կորստի, այլ ի հաշիվ այն բանի, որ մարդիկ ավելի պակաս են սկսել հետեւել կրոնական ծիսակարգերին: Նաեւ աթեիստների թիվն է աշխարհում ավելացել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG