Մատչելիության հղումներ

Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ` տարաձայնություննե՞ր


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի պալատում ընդունելության ժամանակ, Մոսկվա, 12-ը հունիսի, 2012թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլի պալատում ընդունելության ժամանակ, Մոսկվա, 12-ը հունիսի, 2012թ.
2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմի մասին ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում։

Փորձագետների մեծ մասը համոզված է, որ այս ֆիլմը, որտեղ զինվորականները, գեներալները Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւին մեղադրում են վճռական չլինելու մեջ, ներկայիս վարչապետ Մեդվեդեւի դեմ սկսված արշավ է, եւ որ այն կազմակերպել են ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմները` Պուտինի իսկ թույլտվությամբ։

Ե՛վ Մեդվեդեւը, ե՛ւ Պուտինը ստիպված էին իրենց մեկնաբանությունները անել, ընդ որում` Մեդվեդեւն ասում է, որ ամեն ինչ ժամանակին է արվել. - «Ես իմ որոշումը ընդունել եմ վրացական բանակի կողմից ակտիվ գործողություններ սկսելուց երկուեւկես ժամ անց` ոչ շուտ, բայց եւ ոչ ուշ»։

Ավելի վաղ նա ասել էր, որ Վրաստանի դեմ պատերազմ սկսելու մասին որոշում ինքնուրույն է կայացրել` առանց Պուտինի. - «Անկեղծ ասած` ոչ ոք ոչ ոքի չի զանգահարել»։

Պուտինը, մինչդեռ, ասել է, որ Պեկինից, որտեղ այդ օրերին մեկնարկել էին ամառային Օլիմպիական խաղերը, երկու անգամ զանգահարել է «Դմիտրի Անատոլեւիչին» [Մեդվեդեւին]։ Նրա փոխանցմամբ` դեռ 2006 թվականից կար Վրաստանի «ագրեսիան» կանգնեցնելու ծրագիր, նախապատրաստվել էին կամավորների ջոկատներ, եւ հենց այդ ջոկատները եւ ռուսաստանցի խաղաղապահներն էին պատերազմում Վրաստանի բանակի դեմ, քանի դեռ Վրաստանի տարածք չէր մտել ռուսական բանակը։

Պուտինի եւ Մեդվեդեւի մեկնաբանությունները փորձագետներին եւ դիտորդներին ստիպում են մտածել, որ տանդեմի մեջ տարաձայնություններ կան, եւ որ Պուտինը պատրաստվում է Մեդվեդեւից հրաժարվել։

Իսկ որոշ աղբյուրներ էլ նշում են, որ տարաձայնությունները սկսվել են դեռ մեկ տարի առաջ, երբ Մեդվեդեւը Պուտինին առաջարկեց որպես նախագահի թեկնածու, այսինքն` հրաժարվեց իր պաշտոնից. ռուսական աղբյուրները գրում են, որ դրա դիմաց Մեդվեդեւը պահանջել էր Պուտինից վարչապետի պաշտոնը։

Վերջերս, ի դեպ, Մեդվեդեւը չէր բացառել, որ նորից կպայքարի նախագահ ընտրվելու համար։

Մի բան միանշանակ է` այսօր Ռուսաստանում ավելի քիչ են խոսում տանդեմի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG