Մատչելիության հղումներ

Երեխայի անունն ընտրելիս մտածում են, թե ինչ կասեն ազգականները


Մեզանում դեռ տարածված է երեխաներին տալ իրենց տատիկների կամ պապիկների անունները, չնայած որոշ դեպքերում, այդ անունը մնում է միայն անձնագրում եւ պաշտոնական փաստաթղթերում, իսկ ամբողջ կյանքում մարդուն դիմում են այլ անունով:

«Ծնվել եմ Չնաշխարհիկ, մեծացել եմ Ժենյա: Ինձ Չնաշխարհիկ անունը միշտ խորթ է եղել, քանի որ ինձ ոչ ոք երբեւէ չի դիմել այդ անունով: Դա տատիկիս անունն է, ում նույնպես ամբողջ կյանքում դիմել են Ժենյա անունով: Նույնիսկ ցանկանում էի փոխել անունս, բայց ծնողներս դեմ էին», - ասաց Ժենյան:

Անվանափոխությունը շատ երկար եւ թղթարարության հետ կապված գործընթաց է, այդ պատճառով իմ հաջորդ զրուցակցի կարծիքով, ավելի լավ է ծնվելու ժամանակ երեխային տալ այն անունը, որով պատրաստվում ես դիմել նրան ողջ կյանքում: Ամեն դեպքում իրեն չի հաջողվել իր երազած անունը տալ որդուն:

«Տղայիս անունը որոշել էի Ալեքսանդր դնել, ու ծննդատուն մտնելիս վստահ էի, որ դուրս եմ գալու Ալեքսանդրի հետ: Երբ երեխան ծնվեց, ինձ զանգահարեցին, շնորհավորեցին, սակայն ասացին, որ երեխայի անունը լինելու է Արտաշես», - ասաց նա:

Զրուցակցիս խոսքով, անունը, բնականաբար, չի կարող լինել երեխային պակաս սիրելու պատճառ, բայց այն մոտեցումը, որ տատիկի կամ պապիկի անունով երեխային կոչելը մեծ հարգանքի եւ սիրո դրսեւորում է, ինքը չի ընդունում. - «Ավելի շատ մտածում են, թե հարեւանները, բարեկամները կասեն էսքան երեխա ունեն, ոչ մեկը չդրեց իրենց անունը, բա էդ սե՞ր ա, հարգա՞նք ա: Անունը դնում են, որպեսզի քիթները ցցած քայլեն իրենց բարեկամների շրջապատում, որովհետեւ, որ ասեմ թե ինչ-որ ներքին բավարարվածություն են ստանում, որ իրենց անունն է կրում երեխան, այդպիսի բան չեմ նկատել»:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի կարծիքով, երեխային տատիկի կամ պապիկի անունը տալու միտումն աստիճանաբար նվազում է: Նրա փոխանցմամբ, 2012-ի հինգ ամիսների կտրվածքով աղջիկներին ամենից շատը տվել են Մարի, Նարե, Միլենա անունները, յուրաքանչյուրը` 300-ից ավելի նորածնի: Ցուցակում վերջին տեղերում են Սոֆյան, Լինան ու Էմման: Տղաների դեպքում առաջին տեղում է Դավիթ անունը, հաջորդում են Նարեկը, Գոռը, Հայկը եւ Ալեքսը: Պակաս տարածված են Ավետ, Մանվել, Նորայր անունները:

«Կան, օրինակ, երեխաներ, ում տվել են Գրանտո, Վիբուր, Ռոբինզոն, Բուլոկ, Իմբերտո անուններ: Երբեմն, երբ հանդիպում ենք տարօրինակ անունների, հոր հայրանունով անմիջապես հասկանում ենք, որ պապի անունն են դրել», -«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարինե Կույումջյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG