Մատչելիության հղումներ

Փաստաբաններ. «Ամեն ինչ արվում է, որ «Հարսնաքար»-ի գործը չբացահայտվի»


Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների բողոքի ցույցը Ոստիկանության շենքի առջեւ: 9-ը օգոստոսի, 2012թ.

Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների բողոքի ցույցը Ոստիկանության շենքի առջեւ: 9-ը օգոստոսի, 2012թ.

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններն այսօր հայտարարություն են տարածել` դժգոհություն հայտնելով, որ Ոստիկանությունը ողջամիտ ժամկետ չի տրամադրում գործի արդեն ավարտված մասով նախաքննության նյութերին ծանոթանալու համար:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի «Հարսնաքար»-ի գործը չբացահայտվի, եւ իրական մեղավորները չպատժվեն», - նշում են փաստաբանները:

Ոստիկանության շենքի առջեւ այսօր «Վահե Ավետյան» եւ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունների ակտիստների անցկացրած բողոքի ցույցին մասնակցեցին նաեւ փաստաբանները:

Նրանցից Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նյութերին ծանոթանալու համար տրամադրված մոտ 36 ժամում «անիրատեսական է լուրջ փաստարկված միջնորդություն ներկայացնել». - «Դա շատ մեծ ծավալի գործ է` մոտ հազար էջ է կազմում, երեք հատորից է բաղկացած, եւ մեզ տրվել է աշխատանքային օրվա ավարտին: Այդ ժամկետը ողջամիտ չի կարող լինել: Առավել եւս, երբ նման բարդության, նման հասարակական հնչեղության եւ նման կարեւորության գործ է առջեւդ»:

Վահե Ավետյանի իրավահաջորդի երկու փաստաբանները այժմ արդեն նաեւ գործով մյուս 4 տուժողների ներկայացուցիչներն են: Նրանք պահանջում են մեկամսյա ժամկետ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Փաստաբան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ, երեկ երեկոյան քննիչներից մեկը անձամբ եկել էր իրենց գրասենյակ եւ առձեռն հանձնել գործը, ինչը վկայում է «միտումնավոր հապճեպության» մասին, որպեսզի իրենք չհասցնեն վերհանել նախաքննության թերությունները:

Մինչդեռ, ըստ Եգորյանի, արդեն իսկ նկատելի են «լրջագույն խախտումներ եւ բացթողումներ». - «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` այդ ծանուցումը գիշերվա 10-ին, որ մեզ հատկացվել է մեկօրյա ժամկետ, ավարտն է այն պրոցեսի, որը սկսվել է դեռեւս հուլիսի 11-ին. այդ օրը դիմում էինք ներկայացրել Գառնիկ Ավետյանի կողմից իրեն իրավահաջորդ ճանաչելու [մասին]: Շուրջ 15 օր ձգձգվեց այդ հարցը, այնուհետեւ շուրջ 8 օր ձգձգվեց մեզ նրա մասով նյութերի տրամադրման հարցը»:

Վաղը առավոտյան 10-ին լրանում է միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն փաստաբանները մտադիր չեն ներկայանալ քննչական մարմին:

«Ամեն դեպքում, մենք ուսումնասիրում ենք գործը, պատրաստում ենք միջնորդությունները: Մենք վաղը չենք ավարտի այդ գործընթացը եւ միջնորդությունները կներկայացնենք այն ժամանակ, երբ կավարտենք ուսումնասիրությունը», - նշեց Եգորյանը:

Դիտարկմանը, թե դրանք կարող են չընդունվել, փաստաբանն արձագանքեց. - «Այդ ժամանակ արդեն կպայքարենք այդ հարցի համար: Մենք ակնկալում ենք, որ այդ փաստերի եւ այդ հարցերի արծարծումը մեր կողմից, այս մտահոգությունների բարձրացումը պետք է սթափեցնի նրանց: Ուշ չէ դեռ»:

Ոստիկանությունը, հիշեցնենք, ավարտել է նախաքննությունը կալանավորված 6 հոգու մասով, եւ այդ քրեական գործը անջատել է մայր գործից` այն հիմնավորմամբ, թե ապացույցներ կան, որ ծեծկռտուքին մասնակցել է մարդկանց եւս մի խումբ:

Տիգրան Եգորյանը այստեղ եւս միտում է տեսնում. - «Առանց միտումի չեմ կարծում, որ հնարավոր լինի, որ 8 հոգանոց քննչական խումբը ողջ լրջությամբ եւ ողջ հնարավորություններով չիրականացնի իր լիազորությունները: Նպատակահարմար չէ գործից մաս անջատել անհայտ անձանց մասով, ովքեր պետք է բացահայտվեին, բայց չեն բացահայտվել նախաքննության ընթացքում»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Գարեգին Չուքասզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ բոլոր մեղավորները պատժվելու են. - «40 օրերի ընթացքում ձեւավորվել է միասնական կամք, եւ այս գործը չի կոծկվելու, ինչպես ժամանակին Պողոս Պողոսյանի գործը կամ մնացած գործերը: Այստեղ հասարակությունը հասունացել է այն աստիճանի, որ ինքն է առաջին հերթին պատասխանատվության կանչելու առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանին»:

XS
SM
MD
LG